Բժիշկը թվարկել է նյարդային համակարգի ամրապնդման համար նախատեսված ուտեստները
Նյարդերն ամրացնելու համար պետք է կանաչեղենով ձվածեղ ուտել, խորհուրդ է տալիս նյարդաբան Ալմիրա Գիմրանովան։
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ մասնագետը Lenta.ru-ին տված հարցազրույցում թվարկել է նյարդային համակարգի առողջության համար նախատեսված ուտեստները։
Բժշկի խոսքով՝ նյարդային համակարգը մշտական աջակցություն և զարգացում է պահանջում։ Դա կախված է նրանից, թե ինչպես կաշխատեն մարմնի մյուս համակարգերը: Նյարդերի համար օգտակար մթերքներից կարելի է բազմազան ճաշացանկ պատրաստել, ավելացրել է Գիմրանովան։
Թարմ բանջարեղենային աղցան
Լոլիկը, վարունգը, պղպեղը, կանաչեղենը՝ ընկույզի կամ սերմերի և բուսական յուղի ու կիտրոնի հյութի հավելումով, օրգանիզմը կհագեցնեն C, E, B վիտամիններով և միկրոէլեմենտներով (մագնեզիում, կալցիում, կալիում, ֆոսֆոր), որոնք ամրացնում են նյարդային համակարգը և կբարելավեն տրամադրությունը, բացատրել է բժիշկը:
Ձկան ապուր՝ կարտոֆիլով և գազարով
Ձուկը պարունակում է ֆոսֆոր, յոդ և չհագեցած ճարպաթթուներ, որոնք լավացնում են հիշողությունը, շարունակել է Lenta.ru-ի զրուցակիցը։ Կարտոֆիլն ու գազարն օրգանիզմին ապահովում են գլյուկոզայով՝ ուղեղի էներգիայի հիմնական աղբյուրը։
Հնդկացորենի շիլա կաթով կամ կեֆիրով
Գիմրանովան ասել է, որ հնդկաձավարը պարունակում է մագնեզիում, ֆոսֆոր և B խմբի վիտամիններ, որոնք հանգստացնում են մկաններն ու նյարդերը։ Կաթը կամ կեֆիրը պարունակում է կալցիում և յոդ, որոնք կարգավորում են վահանաձև գեղձի և նյարդային համակարգի աշխատանքը։
Որոշ մթերքներ կարող են բացասաբար ազդել նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով գրգռվածություն, գրգռում կամ դեպրեսիա, զգուշացրել է բժիշկը։ Դրանց թվում նա նշել է կոֆեինը, որը մեծացնում է ադրենալինի և նորադրենալինի՝ սթրեսի հորմոնների արտադրությունը։