«Վագների» Պրիգոժինը ծրագրում էր գերի վերցնել ռուս զինվորական առաջնորդներին․ WSJ
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինն իր ապստամբության ժամանակ ծրագրել էր գերի վերցնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ու ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին Ռոստովի մարզ նախատեսված այցի ժամանակ։
Այս մասին գրել է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով արևմտյան երկրների պաշտոնյաներին։
Հրատարակությունը նշել է, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Պրիգոժինի ծրագրերի մասին իմացել է դրանց իրագործումից 2 օր առաջ, և որ դա ստիպել է նրան վերջին պահին փոխել իր ծրագրերն ու սկսել երթով շարժվել դեպի Մոսկվա։
«Դավադրության վաղաժամ մեկնարկն այն գործոններից մեկն էր, որը կարող էր բացատրել դրա վերջնական ձախողումը 36 ժամ հետո, երբ Պրիգոժինը չեղարկեց զինված երթը դեպի Մոսկվա, որը սկզբում առանձնապես չհանդիպեց դիմադրության»,- գրել է WSJ-ը։
Թերթի աղբյուրի համաձայն՝ Արևմտյան հետախուզական ծառայությունները նույնպես նախապես իմացել են Պրիգոժինի պլանների մասին՝ վերլուծելով գաղտնալսված էլեկտրոնային փոստերը և արբանյակային պատկերները։ Արևմուտքում կարծում են, որ սկզբնական դավադրությունը հաջողության լավ հնարավորություն է ունեցել, բայց ձախողվել է դրա մասին տեղեկատվության արտահոսքից հետո, ինչը ստիպել է Պրիգոժինին իմպրովիզներ անել ու մտածել այլընտրանքային ծրագիր:
Այնուամենայնիվ, ըստ WSJ-ի, հետախուզական տվյալները հարցեր են բարձրացնում Պուտինի վերահսկողության աստիճանի մասին այն բանից հետո, երբ «Մոսկվան չկարողացավ կանխել Պրիգոժինի վարձկաններին գրեթե ամբողջ ճանապարհը դեպի մայրաքաղաք, չնայած այն բանին, որ Կրեմլը գիտեր պատրաստվող դավադրության մասին»:
Պրիգոժինի ծրագիրը հիմնված է եղել նրա համոզմունքի վրա, որ «ռուս զինվորականների մի մասը կմիանա ապստամբությանն ու դուրս կգա սեփական հրամանատարների դեմ»։
Նախապատրաստությունները «ներառել են նաև «Վագների» կողմից մեծ քանակությամբ զինամթերքի, վառելիքի և ռազմական տեխնիկայի կուտակում, ներառյալ տանկեր, զրահատեխնիկա և առաջադեմ շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր հարձակմանը նախորդող օրերին»:
Տեղեկանալով արտահոսքի մասին՝ Պրիգոժինը ստիպված է եղել գործել նախատեսվածից շուտ։
Ուրբաթ օրը նա հաջողվել է գրավել «Ռուսաստանի հարավային Ռոստով քաղաքը, որը գլխավոր հրամանատարական կետն էր Ուկրաինա ներխուժման համար»:
Ըստ արևմտյան հետախուզության՝ «հեշտությունը, որով «Վագների» գրոհայինները գրավել են մեծ ռազմական օդանավակայանով միլիոնանոց քաղաքը, հուշում է, որ կանոնավոր զորքերի որոշ հրամանատարներ կարող են լինել դավադրության մի մասը»։