Արագածոտնի մարզի Ափնագյուղ գյուղում բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 28-ին, ժամը 15:15-ին ահազանգ է ստացել, որ Ափնագյուղ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Գ․ Թ․, ծնված 1992 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից առվակում։
Նշվում է, որ փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, իսկ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել տեղի ուժերով․ տուժածները հոսպիտալացվել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել առվակից և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։