Արցախի իրավասու մարմինները պահանջում են հեռացնել և հերքել կեղծ տեղեկությունները Բաքվի հունիսի 28-ի ագրեսիայի մասին
Արցախի Հանրապետության իրավասու մարմինները ձեռնարկելու են անհրաժեշտ միջոցներ երկրի նախագահի ստորագրած՝ ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին հրամանագրի դրույթները խախտողներին պատասխանատվության ենթարկելու և նման խախտումները կանխելու ուղղությամբ, և պահանջում են հունիսի 28-ին տեղի ունեցած ադրբեջանական հարձակման հետևանքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ (այդ թվում՝ վիրավորների ու լրացուցիչ զոհերի առկայության մասին) և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակած անձանցից ու լրատվամիջոցներից հեռացնել իրենց գրառումները և կատարել հերքող հրապարակումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղցորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ինչպես արդեն հայտնվել է, հունիսի 28-ին, խախտելով հրադադարը, Ադրբեջանի զինված ուժերը դիմել են հերթական սադրիչ ու ագրեսիվ գործողությանը, որի հետևանքով մահացու վիրավորում են ստացել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի 4 զինծառայողներ:
Այդ դեպքի կապակցությամբ սոցցանցերում սկսել են շրջանառվել կեղծ տեղեկություններ՝ խախտելով ս.թ. մայիսի 26-ին ԱՀ Նախագահի ստորագրած ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին հրամանագրի դրույթները:
Այդ դրույթների համաձայն, մասնավորապես, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը:
Արցախի Հանրապետության իրավասու մարմինները ձեռնարկելու են անհրաժեշտ միջոցներ հրամանագրի դրույթները խախտողներին պատասխանատվության ենթարկելու և նման խախտումները կանխելու ուղղությամբ: Ուստի, պահանջում ենք այսօր տեղի ունեցած ադրբեջանական հարձակման հետևանքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ (այդ թվում՝ վիրավորների ու լրացուցիչ զոհերի առկայության մասին) և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակած անձանցից ու լրատվամիջոցներից հեռացնել իրենց գրառումները և կատարել հերքող հրապարակումներ, այլապես կիրառվող պատասխանատվության միջոցները կարող են ավելի խիստ լինել»,- ասվում է հայտարարության մեջ: