Ադրբեջանցիները կրակել են Մարտունու շրջանի դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ
Ադրբեջանական մարտական դիրքերից հունիսի 28-ին ժամը 12:00-ի սահմաններում հրաձգային զենքերով կրակել են կոմբայնի ուղղությամբ. Ճարտար քաղաքի բնակիչ Վահե Առստամյանը (ծնված 1987թ.) Մարտունի քաղաքի վարչական տարածքի «64 հեկտար» կոչվող տեղամասում հացահատիկահավաք կոմբայնով հունձ է կատարել։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։
«Նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում, Գիշի գյուղի բնակիչ Բախշի Ղահրամանյանը (ծնված 1961թ.) Ճարտար քաղաքի վարչական տարածքի «Ղուրուսու» կոչվող տեղամասում, «Բելառուս-80» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում։
Վերջիններս մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակել են իր ուղղությամբ։
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։