Վճարումները կընդունվեն շուրջօրյա, վարույթը կկարճվի ավտոմատ. Հարկադիր կատարման ծառայությունը ընդլայնում է հնարավորությունները
Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կիրառած արգելանքից ազատվելու համար այլևս հերթ կանգնելու կամ աշխատանքային օրվան սպասելու անհրաժեշտություն չկա. նոր համակարգի ներդրման շնորհիվ վճարահաշվարկային համակարգով կատարված բոլոր վճարումները կընդունվեն շուրջօրյա ռեժիմով, նույնիսկ եթե տուգանքը վճարվել է, օրինակ՝ գիշերը ժամը 1-ին: Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Գագիկ Հարությունյանը կենցաղային օրինակի վրա բացատրեց ծառայությունում արված փոփոխությունը:
Գագիկ Հարությունյան (ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ) - Օրինակ՝ շաբաթ օրը քաղաքացիները գնացել են հաշվառման քննական ստորաբաժանում և ուզում են իրենց տրանսպորտային միջոցը վաճառեն, հաճախ խնդիր էր առաջանում, որովհետև արգելանք կար կիրառած: Քաղաքացին, վճարելով իր պարտավորությունների գումարը, ընդամենը 5 րոպեի ընթացքում կատարողական վարույթները վերանում են առանց մարդու միջամտության: Սա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ նույնիսկ հարկադիր կատարողն այլևս տվյալ բաժնում չի աշխատում, համակարգն ինքնուրույն ավարտած վարույթը կվերսկսի, կտեղափոխի տվյալ բաժնում աշխատող հարկադիր կատարողի վրա, կկատարի բաշխումներ ու ինքնաշխատ կկատարի կատարողական վարույթը՝ արգելանքները վերացնելով:
Ոստիկանության հետ համագործակցությամբ ստեղծվել է վեբ ծառայություն, որի շնորհիվ կրկին ինքնաշխատ տարբերակով ներբեռնվում են վճարման մասին տեղեկությունները, այսինքն՝ համակարգն ավտոմատ կարճում է արդեն հարկադիր կատարողի կողմից հարուցված վարույթը, անգամ եթե տուգանքը վճարվում է ոչ թե Հարկադիր կատարման ծառայության, այլ ուղիղ մարման եղանակով՝ անմիջապես ոստիկանության հաշիվներին:
Գագիկ Հարությունյան - Նախկինում սա քաղաքացների համար խնդիր էր, քանի որ քաղաքացիները ստիպված էին լինում կամ վճարման մասին կտրոնները պահպանել, եթե չէին պահպանել, գնալ ոստիկանություն, ներկայացնել դիմում, ստանալ տեղեկանք, որ իրենք պարտավորությունները կատարել են, և այդ տեղականքը ներկայացնել Հարկադիր ծառայություն, իսկ հարկադիր կատարողը ձեռքով տեղում կատարեր:
ՊԵԿ-ը հարկադիր կատարման վարչական ակտերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու նոր ծրագրային համակարգ է նաև ներդրել: Գործիքակազմը, ըստ Հարությունյանի, կբարձրացնի երկկողմ աշխատանքի արդյունավետությունը, կխնայի ժամանակը: Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը մանրամասնեց՝ նոր վեբ համակարգը ՊԵԿ-ին հնարավորություն կտա ոչ միայն էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման ներկայացնել վարչական ակտերը, այլև որպես պահանջատեր հետևել կատարողական վարույթի ընթացքին, ծանոթանալ բոլոր որոշումներին և կատարողական վարույթին կից բոլոր նյութերին։
Գագիկ Հարությունյան - Քանի որ ՊԵԿ-ի կողմից հարկադիր կատարման ներկայացրած ակտերի մեծ մասը պարունակում է տույժերի և տուգանքների տոկոսային հաշվարկներ, այսինքն՝ վճարման ենթակա գումարն ամեն օր փոփոխվում է, ներդրվել է մեխանիզմ, որ հարկադիր կատարողը գումարը գանձելու պահին հնարավորություն ունի ճշտելու տվյալ պահին տոկոսագումարի վերջնական մնացորդը:
Վեբ ծրագրի մեկ այլ գործիքի շնորհիվ ՊԵԿ-ը հնարավորություն ունի անմիջապես համակարգում մուտքագրել ուղիղ մարման եղանակով իրականացված պարտավորությունների մասին տեղեկատվությունը, ինչը վայրկյաններ հետո տեսնում է նաև Հարկադիր ծառայությունը և վերացնում արգելանքը: Թե բանկերը ե՛րբ հաշիվների սառեցումը կվերացնեն՝ արդեն բանկային ծառայության տիրույթում է, թեպետ Հարությունյանը նկատեց՝ հայաստանյան բանկերի հիմնական հատվածը համակարգն ավտոմատացրել և գործընթացն արագ է կատարում: Բանկային համակարգի հետ աշխատանքը պարզեցնելու համար Արդարադատության նախարարության և Կենտրոնական բանկի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
Գագիկ Հարությունյան - ԿԲ-ն սահմանել է նոր ֆորմատ, որի միջոցով, երբ քաղաքացին բանկում կատարում է վճարում, արգելանքը հանվում է նույն օրը: Նախկինում, մինչև տվյալ համակարգի ներդրումը, դժվար էր վճարումները նույնականացնել, քանի որ հաճախ փաստացի պարտապանի փոխարեն վճարում էր ազգականը կամ ծանոթը: Այս գործիքակազմի ներդրման պարագայում հենց վճարման պահին ունենում ենք նույնականացված վճարում, որի արդյունքում կատարողական վարույթները տեղում կարճվում են:
Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը վստահեցրեց՝ համակարգի տեխնիկածրագրային հնարավորությունների ընդլայնումն այսքանով չի ավարտվի, փոփոխությունները կլինեն շարունակական: