Օնիկ Գասպարյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի բացատրություններին
Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, Գեներալ-Գնդապետ Օնիկ Գասպարյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում արած հայտարարություններին:
Նրա հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.
«Հարգելի հայրենակիցներ, իմ զինակից ընկերներ`
Լսելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետի ներկայացրած բացատրությունները, նպատակահարմար եմ գտնում անդրադառնալ ներկայացված որոշ հարցերին և ներկայացնել իմ դիրքորոշումն ու պարզաբանումները:
Պատերազմի նախապատրաստման և վարման հետ կապված հարցերի հրապարակային քննարկումը համարում եմ անընդունելի:
Վարչապետը պետք է գնահատի ոչ թե միայն զինված ուժերի գործունեությունը, այլ ներկայացնի պետական կառավարման ողջ համակարգի գործունեությունը` նշելով դրական և բացասական կողմերը, ինչպես նաև անհաջողությունների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները:
3.Պարզաբանելով պատերազմից առաջ վարչապետին` հակառակորդի կազմի և գործողությունների հավանական բնույթի ու նրա զինված ուժերի կարողությունների վերաբերյալ ոչ իրատեսական վերլուծությունների ներկայացման հանգամանքները, պետք է նշեմ որ այս թեմային ես որոշակիորեն անդրադարձել եմ 2020 թվականի նոյեմբերի 17-ի իմ հայտարարությունում, բայց հիմա պահպանելով գաղտնիության ռեժիմի պահանջները, կներկայացնեմ որոշ հատվածներ պատերազմից առաջ տարբեր խորհրդակցություններին և նիստերին իմ կողմից տրված զեկույցներից.
-2020թ. հուլիսի 4-ին, զինված ուժերի գլխավոր շտաբում ՀՀ Վարչապետին և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին, գլխավոր շտաբի պետի տեղակալների ու հիմնական վարչությունների պետերի մասնակցությամբ ներկայացրել եմ զեկույց, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: Ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքներով ՀՀ վարչապետին առաջարկել եմ.
ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին` (Իրան և Վրաստան) բարեկամաբար տրամադրելուն, ինչպես նաև, օգտագործելով հայկական Սփյուռքի ներուժը, աշխարհի առաջատար երկրներում թուրքական ու ադրբեջանական համայնքների հակահայկական սադրանքները չեզոքացնելուն և ընդդեմ նրանց ռազմատենչ քաղաքականության միջոցառումներ կազմակերպելուն ... ։
-2020 թվականի հուլիսի 10-ին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագիծը, ըստ որի ընդհանուր առմամբ զինված ուժերի առջև դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր 8 մլրդ ԱՄՆ դոլար ... :
-2020 թվականի օգոստոսի երկրորդ կեսին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը, թույլ են հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդյունավետ հետախուզման, օպերատիվ ղեկավարման ու տեղեկությունների հաղորդման հնարավորությունները: ՀՀ զինված ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաև առկա անօդաչու թռչող սարքերի քանակները: Հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարի համար անհրաժեշտ են ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անհրաժեշտ քանակի անօդաչու թռչող սարքեր: Դրանք, իհարկե, ներառված են ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում, բայց հիմնականում երկրորդ աստիճանում, և դրանց ձեռքբերման հնարավորությունները նվազագույն են, քանի որ բյուջեով հնարավոր չէ լուծել: Բայց և անհրաժեշտ է ձեռք բերել ժամանակակից, երկար տարածություններում և ժամանակահատվածով գործող ռազմավարական բազմաֆունկցիոնալ հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ:
Միաժամանակ անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով մոբիլիզացնել մեր ռեսուրսները, հստակեցնել ընկերությունների արտադրողական հնարավորությունները, ներկայումս առկա հետախուզական, հարվածային ԱԹՍ-ների քանակները, դրանք ՀՀ զինված ուժերին տրամադրելու հնարավոր ժամկետները:
ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում ամրագրել ենք, որպեսզի ունենանք սեփական հետախուզության և կապի կազմակերպման արբանյակ գեոստացիոնար ուղեծրում կամ վարձակալել հետախուզության և կապի կազմակերպման արբանյակ: Վարձակալման դեպքում գումարը կկազմի ... դրամ, իսկ ձեռքբերման դեպքում՝ ... դրամ:
Վերջին երկու տարվա ընթացքում 100%-ով լուծվել է պաշտպանության բանակում տեսադիտարկման համակարգերով համալրման հարցը, այնուամենայնիվ խնդիր ունենք այլ օպերացիոն ուղղություններում:Միաժամանակ առկա են տեսադիտարկման համակարգերի երկրորդ-երրորդ շերտերի ստեղծման խնդիրներ:
Խնդիրներ ունենք նաև ինժեներական, տեխնիկական, թիկունքային ու բժշկական ապահովումների առումով, մասնավորապես … :
Կարևոր է տանկերի կրակի կառավարման համակարգերի արդիականացումը, քանի որ զինված ուժերում շահագործվող տեխնիկան իրենց հիմնական մարտավարատեխնիկական ցուցանիշներով և տեխնիկական վիճակով չեն բավարարում ժամանակակից մարտի պահանջներին, առավել ևս գիշերային պայմաններում մարտ վարելուն … :