Գրեթե ավարտել ենք Մարգարայում ապագա անցակետի ենթակառուցվածքների ստեղծումը. Ռուբինյան. «Ազատություն»
Հայկական կողմը գրեթե ավարտել է Մարգարայում ապագա անցակետի ենթակառուցվածքների ստեղծումը: Այս մասին Ազատության եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Գիտեք, որ կա հստակ պայմանավորվածություն՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացել ցամաքային սահմանը եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար, այդ թվում՝ Հայաստանի դիվանագիտական եւ Թուրքիայի: Այժմ մենք գրեթե ավարտել ենք Մարգարայում ապագա անցակետի ենթակառուցվածքների ստեղծումը, որպեսզի հնարավոր լինի իրագործել այդ պայմանավորվածությունը: Հույս ունենք, որ թուրքական կողմը հավատարիմ կմնա մեր պայմանավորվածությանը, եւ մենք շատ շուտով կտեսնենք այդ առաջին պայմանավորվածության իրագործումը: Այն դեպքերում, երբ վստահության պակաս կա կողմերի միջեւ, շատ կարեւոր է, որ առաջին պայմանավորվածությունը իրագործվի: Եթե այն իրագործվի, ապա կավելանա վստահությունը, եթե չիրագործվի, այն քիչ վստահությունը կպակասի, ինչը լավ չէ»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը:
Նա նշել է, որ կամրջի վերակառուցում չի էլ եղել. «Հայկական կողմից անցած դեկտեմբերին միջգերատեսչական խումբ հանդիպեց սահմանին եւ արդյունում նմուշառում իրականացվեց, եւ պարզվեց, որ կամուրջը առնվազն հիմա վերակառուցման կարիք չունի: Այսինքն՝ խոսքը զուտ անցակետի վերակառուցման, վերազինման մասին է»:
Հարցին՝ արդյո՞ք այդ գործընթացը երկկողմանի է արվել, Ռուբինյանն ասել է. «Բնականաբար մենք մեր կողմից ենք անում, իրենք իրենց կողմից պիտի անեն, եթե նման բաների կարիք ունեն: Թուրք գործընկերները վստահեցնում են, որ իրենց մոտ պատրաստ կլինի, տեսնենք»:
Հարցին՝ արդյո՞ք Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչի հետ բանակցությունների ընթացքում «Նեմեսիս» հուշարձանի հարցը քննարկվել է, Ռուբինյանն ասել է, որ չեն քննարկել:
Հարցին՝ արդյո՞ք հուշարձանն ապամոնտաժելու պայման դրվել է, Ռուբինյանը պատասխանել է. «Ես Թուրքիայի իմ գործընկերոջ հետ հանդիպում չեմ ունեցել վերջերս: Եվ այս պահին նման խոսակցություն չկա»: