Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության (Եվրոպոլ) գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությունը հունիսի 28-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի ուղեկցությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտից:
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Քեթրին դը Բոլը և Վահե Ղազարյանը ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո տիկին Քեթրին դը Բոլը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: