Բրյունետն առաջիկայում հանդես կգա մենահամերգով ու նոր երգերով
«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետն առաջիկայում կուրախացնի իր երկրպագուներին մենահամերգով ու նոր երգերով, որոնց ուղղությամբ այժմ աշխատում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին երգչուհին հայտնել է «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում՝ պատասխանելով հետևորդների հարցերին:
Նա նշել է, որ չի ցանկանում շատ փակագծեր բացել, բայց ինքն ու իր թիմը քրտնաջան աշխատում են յուրահատուկ շոուով հանդես գալու համար:
«Մինչ մենահամերգը ծրագրում եմ երեք սինգլ թողարկել երեք ամսվա ընթացքում: Երգերի պրեմիերաները նախատեսվում են համերգին, իսկ մինչև տարվա վերջ ավելի շատ երգեր կլինեն»,- խոստացել է Բրյունետն ու հավելել, որ նոր երգերից մեկը, որը երկրպագուներին կներկայացնի մեկ ամսից, կոչվելու է «No Time To Cry For Him»:
Անդրադառնալով եվրատեսիլյան «Future Lover» երգին՝ Բրյունետը նշել է, որ այն գրել է դժվարությամբ, սակայն այդ ընթացքն անմոռանալի է: Երգչուհին խոստովանել է, որ երգն ունեցել է հատված, որը կտրել են մինչ հանրությանը ներկայացնելը:
«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում, որի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել մայիսի 13-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում, Բրյունետը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը: