«Երկխոսությունը տևական խաղաղության բանալին է». Բլինքենը` հայ-ադրբեջանական բանակցությունների մասին
Վաշինգտոնին մերձակա Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի անվան Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ մեկնարկել են հայ-ադրբեջանական բանակցությունները, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Երևանի ու Բաքվի միջև նախորդ բանակցությունները նույն վայրում էին։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախ՝ առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո հանդիպել են եռակողմ ձևաչափով: Միլլերը հրաժարվել է մանրամասնել, թե Վաշինգտոնն ինչ ակնկալիքներ ունի այս բանակցություններից՝ նշելով, որ ընթանում է փակ բանակցային գործընթաց:
«Շարունակում ենք հավատալ, որ հնարավոր է հասնել խաղաղության: Նախկինում ևս հյուրընկալել ենք երկու կողմերին, իսկ պետքարտուղարը մի շարք առիթներով զրուցել է [Հայաստանի ու Ադրբեջանի] արտգործնախարարների հետ: Կարծում ենք, որ այս շաբաթվա հանդիպումները կարևոր են, ու կարևոր է, որ առաջընթաց գրանցվի»,- նշել է Միլլերը:
Մամուլի ասուլիսի սկզբում Մեթյու Միլլերը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ խաղաղ գործընթացում արդյունավետորեն ներգրավվելու համար: Մենք կշարունակենք օգնել նրանց ամեն կերպ, ինչպես կարող ենք՝ այդ գործընթացը զարգացնելու համար, ասել է նա՝ ընդգծելով՝ այսօր հանդիպումների առաջին օրն է, որոնք կշարունակվեն մինչև հինգշաբթի:
Նա կոչ է արել սպասել մինչև բանակցությունների ավարտը՝ գանահատականներ տալու համար: Հույս է հայտնել, որ Բաքվին և Երևանին կհաջողվի մի կողմ դնել իրենց տարաձայնությունները:
«Նա [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը] կարևորում է յուրաքանչյուր կողմի հետ իր ունեցած առանձին հանդիպումները: Նա հանդիպում է ունեցել նրանց հետ անհատապես և միասին [եռակողմ ձևաչափով], բայց առաջարկում եմ սպասենք մինչև շաբաթվա վերջ, որպեսզի խոսենք արդյունքների մասին»,- նշել է խոսնակը:
Ավելի ուշ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է.Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ իր հանդիպման մասին՝ նշելով․
«Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում այս շաբաթ հյուրընկալում եմ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցությունների համար։ Մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին, որոնք համատեղ աշխատում են տևական և արժանապատիվ համաձայնության հասնելու ուղղությամբ։ Երկխոսությունը տևական խաղաղության բանալին է»:
Հիշեցնենք, Վաշինգտոնում տեղի ունեցող հայ-ադրբեջանական բանակցությունները՝ երկկողմ հարաբերություների կարգավորման և խաղաղության համաձայնագրի շուրջ, կընթանան մինչև այս հինգշաբթի՝ հունիսի 29-ը: