Վթարված «Տիտան» սուզանավի խափանում նախկինում ևս եղել է. ուղևոր
«Տիտան» սուզանավը, որը վթարի է ենթարկվել «Տիտանիկ» նավի կործանման վայր տանող ճանապարհին, առաջին անգամ չէ որ դուրս է եկել շարքից։
Կալիֆոռնիայից արկածներ որոնող Բիլ Փրայսը Los Angeles Times-ին պատմել է, որ երբ երկու տարի առաջ նա սուզվել էր նավով, այն կորցրել էր կապը մայր նավի հետ՝ ուղևորության մեկնարկից մեկ ժամ անց:
Կարճ ժամանակ անց անձնակազմը հասկացավ, որ խնդիր կա մեխանիզմի հետ, որն ապահովում է սուզանավի մակերես վերադարձը։
«Մտահոգություն կար այն հարցով, թե ինչպես մենք պետք է վերադառնանք», - պատմել է Փրայսը:
OceanGate Expeditions-ի գործադիր տնօրեն Սթոքթոն Ռաշը և ֆրանսիացի հետախույզ Պոլ-Անրի Նարջոլեն, ովքեր գտնվում էին սուզանավի վրա, մի ծրագիր մշակեցին. նրանք խնդրեցին Փրայսին և մյուս ուղևորներին օրորվել մի կողմից մյուս կողմ։
«Ես մեղքի զգացում ունեմ, որ իմ բախտը բերել է և կարողացել եմ վերադառնալ»,- հավելել է նա։
«Տիտան» սուզանավի վրա, որը հունիսի 18-ին Ատլանտյան օվկիանոսում ուղևորվել էր դեպի «Տիտանիկի» ավերակները, եղել է հինգ մարդ՝ OceanGate-ի 61-ամյա տնօրեն Սթոքթոն Ռաշը (ընկերությունը, որին պատկանում է «Տիտանը»), ով վարում էր սուզանավը, 58-ամյա բրիտանացի միլիարդատեր Համիշ Հարդինգը, 48-ամյա պակիստանցի բրիտանացի գործարար Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդի Սուլեյմանը, ինչպես նաև նախկին զինվորական սուզորդ և «Տիտանիկի» հետախույզ, 77-ամյա ֆրանսիացի Պոլ-Անրի Նարջոլեն։
OceanGate-ը հայտարարել է, որ նավի վրա գտնվող բոլորը զոհվել են։ Սուզանավը տուժել է «աղետալի պայթյունից». դրա կորպուսը չի կարողացել դիմակայել ճնշմանը և մեծ խորություններում սեղմվել է ջրից, բացատրել է ԱՄՆ առափնյա անվտանգությունը: Հետազոտված տարածքում հատակին հայտնաբերվել են «Տիտան»-ի կորպուսի բեկորները։ Փորձագետ Էյլին Մարիա Մարտին «Տիտան»-ի ուղևորների մահն անվանել է արագ և ցավ չպատճառող, փոխանցում է News.am-ը: