ԵՄ-ում հայտարարել են, որ Անդրկովկասի շուրջ քննարկումները կարող են մեծ արդյունքներ չբերել
Անդրկովկասի անվտանգության շուրջ առաջիկա Ժնևյան քննարկումները կարող են մեծ արդյունքներ չտալ՝ հաշվի առնելով աշխարհում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրադրությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտարարել է Ժնևյան քննարկումներում ԵՄ-ի կողմից համանախագահ Տոյվո Կլաարը՝ ամփոփելով բանակցային գործընթացի Հարավային Օսիայի մասնակիցների հետ Ցխինվալում տեղի ունեցած հանդիպման արդյունքները։
Հունիսի 27-ին Ցխինվալ են ժամանել Անդրկովկասի անվտանգության և կայունության շուրջ միջազգային քննարկումների համանախագահները ԵԱՀԿ-ից, ՄԱԿ-ից և ԵՄ-ից՝ քննարկելու Ժնևյան քննարկումների հաջորդ փուլի օրակարգը, որը նախատեսված է հուլիսի 11-12-ը։
«Քննարկումների բոլոր մասնակիցների համար օգտակար կլինի դրսևորել ճկունություն և միմյանց լսելու ցանկություն: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական բարդ իրադրությունը, ամենայն հավանականությամբ, մենք չենք կարողանա հասնել մեծ արդյունքների, բայց շատ կարևոր է, որ այս փուլը կայանա, որպեսզի մենք հնարավորություն ունենանք՝ քննարկելու ներկա իրավիճակը, գնահատելու իրադրությունը և լսելու կարծիքները», - ասել է Կլաարը։
Անդրկովկասի անվտանգության և կայունության շուրջ միջազգային քննարկումները Ժնևում տեղի են ունենում 2008 թվականից` Աբխազիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հարավային Օսիայի մասնակցությամբ՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչների միջնորդությամբ։ Աշխատանքն ավանդաբար ընթանում է երկու աշխատանքային խմբերով՝ անվտանգության և հումանիտար հարցերով: Ժնևյան քննարկումները մնում են Սուխումի, Թբիլիսիի և Ցխինվալի միջև երկխոսության միակ հարթակը: