Ստոլտենբերգն, ամենայն հավանականությամբ, ևս 1 տարի կմնա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում. EURACTIV
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն, ամենայն հավանականությամբ, ևս 1 տարով կմնա իր պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են EURACTIV հրատարակության աղբյուրները:
Յենս Ստոլտենբերգն այս պաշտոնը զբաղեցնում է 2014 թ.-ի հոկտեմբերից և պետք է լիազորությունները վայր դնի այս աշնանը, սակայն, ըստ ՆԱՏՕ-ի դիվանագետների, հունիսի 28-ին կարող է հայտարարվել նրա մանդատի երկարաձգման մասին:
Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետն արդեն երկու անգամ երկարաձգվել է՝ առաջին անգամ՝ ևս մեկ ամբողջական պաշտոնավարման ժամկետով, իսկ երկրորդ անգամ՝ 2022 թ.-ի մարտին, Ուկրաինայում ՌԴ-ի ծավալած ռազմական գործողություններից հետո:
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի պաշտոնում Ստոլտենբերգին փոխարինելու համար շրջանառվում էին Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի անունները, սակայն նրանցից ոչ մեկին առայժմ չի հաջողվել ստանալ ՆԱՏՕ-ի 31 անդամների գերակշռող աջակցությունը:
Մրցավազքից դուրս գալու մասին առաջինը հայտարարել է Բեն Ուոլեսը The Economist-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ Վաշինգտոնը կցանկանար, որ Ստոլտենբերգը շարունակի պաշտոնավարումը:
Իր հերթին, Ստոլտենբերգը բազմիցս հայտարարել է, որ ժամկետի ավարտից հետո կհեռանա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից: