Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը հայտնել է, որ ապագայում չի հավակնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հրաժարվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի իր հավակնություններից և մտադիր չէ հետագայում էլ առաջադրվել դրա համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Times-ը:
«Ես դա չեմ անի ոչ այս տարի, ոչ հաջորդ տարի, ոչ էլ հետո, այնպես որ այդ պաշտոնը պետք է զբաղեցնեն ուրիշները», - հայտարարել է Ուոլեսը փակ միջոցառման ժամանակ ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա կառաջադրի իր թեկնածությունը այդ պաշտոնի համար:
The Times-ը նշում է, որ հուլիսի 11-ին Վիլնյուսում բացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին դաշինքի երկրները չեն կարողացել համաձայնության գալ նոր գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ, ինչի կապակցությամբ սպասվում է Սթոլթենբերգի պաշտոնավարման նոր երկարաձգում: Ուոլեսից բացի՝ դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնի հավանական թեկնածուներ են Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, Կանադայի փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլանդը: