Թբիլիսիի քաղաքապետարանը պատրաստ է ամբողջությամբ ֆինանսավորել քաղաքացիների լյարդի փոխպատվաստումը
Թբիլիսիի քաղաքապետարանն ամբողջությամբ կֆինանսավորի մայրաքաղաքի բնակիչների համար լյարդի փոխպատվաստման վիրահատությունները:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այս մասին հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքային մունիցիպալիտետի նիստում։
Վիրահատության արժեքը 120 հազար լարի է (ավելի քան 45 հազար դոլար)։ Կալաձեի խոսքով՝ այս որոշմամբ Թբիլիսիի քաղաքապետարանը միանում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությանը, որի համաձայն Վրաստանի բոլոր քաղաքացիների համար այդ վիրահատությունն ամբողջությամբ կֆինանսավորվի։
«Մենք ողջունում ենք վարչապետի որոշումը և, իհարկե, միանում ենք նրան», - նշել է Կալաձեն։
Մինչ այդ Թբիլիսիի քաղաքապետարանը ֆինանսավորում էր քաղաքացիների վիրահատության գումարի միայն կեսը, այսինքն՝ 60 հազար լարի (22,7 հազար դոլար)։ Հետագայում ծրագրի ֆինանսավորումն ավելացել է 10 հազար լարիով (3700 դոլար)՝ կազմելով 70 հազար լարի (26,5 հազար դոլար)։
«Թբիլիսիի քաղաքապետարանում բազմաթիվ ծրագրեր են ֆինանսավորվում առողջապահության ուղղությամբ: Գլխավորներից մեկը լյարդի փոխպատվաստման ծրագիրն է, որը քաղաքի առողջապահական և սոցիալական սպասարկման ծառայությունն իրականացնում է 2018 թվականից», - նշել է Կալաձեն։
Լյարդի փոխպատվաստման վիրահատություններն ամբողջությամբ ֆինանսավորելու որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թ. հուլիսի 1-ից։
Թբիլիսիի քաղաքապետարանի ծրագրից կկարողանան օգտվել այն անձինք, որոնք առնվազն մեկ տարի ապրում են Թբիլիսիում և գրանցված են մայրաքաղաքում։
Երկրի վարչապետի նախաձեռնությամբ Վրաստանի քաղաքացիների համար լյարդի փոխպատվաստման վիրահատությունը միանգամայն անվճար է դարձել այս տարվա հունիսի 19-ից։