Հնդկաստանում կինը բարեկամների օգնությամբ «առևանգել է» նախկին սիրելիին և նրանից 2,1 միլիոն ռուփի հափշտակել
Հնդկաստանի բնակչուհին հարազատների հետ «առևանգել է» իր նախկին ընկերոջը և նրանից 2,1 միլիոն ռուփի հափշտակել։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է News9Live-ը։
Վիջայ Սինգհը` ՏՏ մասնագետ Բանգալորից, 2021 թվականին-ին հանդիպել է Բհավանա Ռեդիին: Երիտասարդների միջև սիրավեպ է սկսվել, նրանք նույնիսկ պատրաստվում էին ամուսնանալ, սակայն աղջկա հայրը խնդրել է հարսանիքը հետաձգել մեկուկես տարով, որպեսզի լավ պատրաստվի դրան։ Այնուամենայնիվ, 2023 թվականի ամռանը Սինգհի և Ռեդիի հարաբերությունները վատացել են։
Այնուամենայնիվ, աղջիկն ու նրա ընտանիքը որոշել են երիտասարդին հենց այնպես բաց չթողնել։ Քննիչների տվյալներով՝ Ռեդիի՝ Փուլլա անունով ազգականը հունիսի 16-ին Սինգհին գայթակղել է և հրավիրել իր տուն: Հաջորդ օրն այնտեղ է հայտնվել Ռեդին, սկանդալ սարքել և հայտարարել, որ Սինգհը պետք է անհապաղ իրեն երեք միլիոն ռուփի տա։ Բացի այդ, նա պահանջել է, որ տղամարդը երբեք ոչ ոքի չասի իրենց կապի մասին։
Երբ Սինգհը խոստովանել է, որ ունի ընդամենը 800 հազար, կինը, հարազատների աջակցությամբ, պահանջել է, որ նա ինտերնետի միջոցով վարկի համար դիմի և գումար փոխանցի իր ընտանիքին։ Արդյունքում մեկուկես միլիոն ռուփի է փոխանցվել աղջկա հորեղբոր հաշվին, իսկ 500 հազարը՝ Փուլլայի հաշվին։ Եվս 50-ական հազար ստացել է վերջինիս երկու հանցակից։
Բացի այդ, փախուստից առաջ նրանք վերցրել են Սինգհի ոսկե շղթան, նոութբուքը և iPhone-ը։ Դրանից հետո կինը նախկին ընկերոջը մեքենայով տարել է Բանգալոր քաղաքի շրջան և իջեցրել ճանապարհին։ Սինգհն անմիջապես դիմել է ոստիկանություն։ Հունիսի 19-ին Բհավանա և Փուլլա Ռեդիները ձերբակալվել են։