Բժիշկը նյարդային համակարգի ամրապնդման միջոցներ է նշել
Նյարդաբան Ալմիրա Գիմրանովան կոչ է արել լյարդ և ձուկ ուտել՝ նյարդային համակարգի ամրապնդման համար։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ վերականգնողական նյարդաբանության կլինիկայի գլխավոր բժիշկը Lenta.ru-ին տված հարցազրույցում նշել է նյարդերի համար օգտակար մթերքներ։
Բժշկի խոսքով՝ նյարդային համակարգը պետք է պահպանվի ու ամրապնդվի, որպեսզի մարմնի մյուս համակարգերը ճիշտ աշխատեն։
B վիտամիններ
B վիտամիններն օգնում են սնունդը վերածել ուղեղի և նյարդային համակարգի էներգիայի, պահպանել հորմոնալ հավասարակշռությունը և պաշտպանել սթրեսից, պարզաբանել է նյարդաբանը։ B վիտամինները պարունակվում են մսի, լյարդի, ձկան, ձվի, կաթնամթերքի, հացահատիկի, ընկույզի և կանաչ բանջարեղենի մեջ:
Վիտամին C
Գիմրանովան բացատրել է, որ այս վիտամինը նպաստում է կոլագենի արտադրությանը, որն ամրացնում է արյան անոթների պատերը և նյարդային բջիջների թաղանթները։ Վիտամին C-ն պարունակվում է ցիտրուսային մրգերի, կիվիի, սև հաղարջի, պղպեղի, կաղամբի և կանաչի մեջ։
Վիտամին E
Վիտամին E-ն, ըստ նյարդաբանի, ունի նաև հակաօքսիդանտ հատկություն և նպաստում է նյարդային բջիջների վերականգնմանը։ Բացի այդ, այն լավացնում է արյան շրջանառությունը և ազատում հոգնածությունից: Վիտամին E-ն պարունակվում է բուսական յուղերի, ընկույզների, սերմերի, կանաչ բանջարեղենի և հացահատիկի մեջ:
Մագնեզիում
Այս միկրոտարրը կարգավորում է նյարդամկանային համակարգի աշխատանքը։ Դրա պակասի դեպքում կարող են առաջանալ դյուրագրգռություն, անքնություն, գլխացավեր և ցնցումներ։ Մագնեզիում կա շոկոլադի, բանանի, լոբու, ոլոռի, կանաչեղենի մեջ:
Կալցիում
Կալցիումը անհրաժեշտ է մկանների և նյարդերի աշխատանքի և ոսկորների պահպանման համար: Այն օգնում է պահպանել հուզական հավասարակշռությունը: Այն առկա է կաթնամթերքում (հատկապես պինդ պանիրներում), ձկներում (հատկապես սարդինայում), նուշում և սերմերում՝ բացատրել է Գիմրանովան։
«Յոդն անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնների սինթեզի համար, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը և նյարդային համակարգի աշխատանքը։ Նրա անբավարարությամբ կարող է զարգանալ հիպոթիրեոզ, որի դեպքում նվազում է մտավոր և ֆիզիկական ակտիվությունը, առաջանում է ապատիա, քնկոտություն և դեպրեսիա։ Յոդը հանդիպում է ծովամթերքի (հատկապես ջրիմուռների), յոդացված աղի և կաթնամթերքի մեջ»,- ասել է բժիշկը: