Թբիլիսիի քաղաքապետը կեղծավորներ է անվանել նրանց, ովքեր դեմ են ՌԴ-ից եկող զբոսաշրջիկներին
Թբիլիսիի քաղաքապետ, կառավարող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Քալաձեն կեղծավորներ է անվանել նրանց, ովքեր դեմ են ռուս զբոսաշրջիկներին։ Այս մասին տեղեկացրել է «Газета»-ն՝ հղում կատարելով «Sputnik Грузия» Թելեգրամ-ալիքին։
Քալաձեն օրինակ է բերել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն, որը սկզբում «ծաղիկները ձեռքին» էր դիմավորում ռուս զբոսաշրջիկներին «Վերին Լարս» անցակետում, իսկ հիմա բողոքում է ռուսների գալու դեմ։
«Այսօր այդ մարդիկ չարացած դեմքերով դժգոհում են, իբր, ինչպես կարող է ռուս տուրիստը մտնել Վրաստան։ Երկակի չափորոշիչներ են»,- ասել է Քալաձեն։
Ավելի վաղ Քալաձեն հայտարարել էր, որ եթե Վրաստանը պատժամիջոցներ մտցնի Ռուսաստանի դեմ, ապա կվնասի իր գյուղատնտեսությանն ու նրա աշխատողներին։ Քաղաքական գործիչը նշել է, որ աննպատակահարմար է, որ Վրաստանը հրաժարվի Ռուսաստանի հետ առեւտրից։
Մինչ այդ Քալաձեն հայտարարում էր, որ Վրաստանը կարող է քննարկել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նպատակահարմարությունը, այդ թվում եւ ավիահաղորդակցությունների ոլորտում, միայն այն բանից հետո, երբ ինքը դառնա Եվրամիության անդամ։