ԵԽ. Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը պարտվեց մեկնարկում
Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը պարտվեց Եվրոպական խաղերի մեկնարկային մենամարտում: Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվող բռնցքամարտի մրցաշարում կանանց Հայաստանի հավաքականի առաջատարը 75 կգ քաշային կարգում մրցեց Փախստականների օլիմպիական հավաքականը ներկայացնող Քինդի Ջանկե Նգամբայի հետ եւ պարտվեց 0:5 հաշվով:
Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: +92 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում Չալոյանը ուժերը կչափի Սերբիայի ներկայացուցիչ Վլադան Բաբիչի հետ: Երկրորդ մենամարտը կանցկացնի 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, որի մրցակիցը կլինի Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Կովաչը:
Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից առաջին մենամարտերում հաղթանակներներով են մեկնարկել Արթուր Բազեյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Գուրգեն Մադոյանը եւ Համբարձում Հակոբյանը։
Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը 57 կգ քաշային կարգում 5:0 հաշվով պարտության էր մատնել Չեխիայի ներկայացուցիչ Վլադիմիր Տրակալին:
63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը 3:2 հաշվով հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչ Ահմադ Շտիվին:
Համբարձում Հակոբյանը 80 կգ քաշայինների պայքարում 4:1 հաշվով պարտության է մատնել Չեռնոգորիայի ներկայացուցիչ Պիտեր Մարչիչին:
71 կգ քաշային Գուրգեն Մադոյան 5:0 հաշվով հաղթել է Չեռնոգորիայի ներկայացուցիչ Ստեֆան Սավկովիչին:
Եվրոպական խաղերը օլիմպիական վարկանիշային են բռնցքամարտիկների համար։