Զելենսկին ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 25-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում է Gordon.ua-ն։
Նախագահները քննարկել են ռազմական գործողությունների ընթացքը և այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Ռուսաստանում։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին՝ Ուկրաինային ցուցաբերած անմնացորդ աջակցության համար, եւ հատկապես Patriot-ների համար, հայտնում են ԶԼՄ-ները։
«Կարևոր է էլ ավելի մեծացնել մեր օդը պաշտպանելու Ուկրաինայի կարողությունը: Այս համատեքստում ես նաև շնորհակալություն հայտնեցի մարտական կոալիցիայի աջակցության համար»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև պաշտպանական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնումը` շեշտը դնելով հեռահար սպառազինությունների վրա։
«Շնորհակալ ենք Միացյալ Նահանգների և ամերիկացի ժողովրդի պատրաստակամության համար՝ կողք կողքի կանգնելու Ուկրաինայի հետ մինչև մեր բոլոր տարածքների ամբողջական ազատագրումը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Մենք համաձայնեցրել ենք մեր դիրքորոշումները ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովի նախօրեին, քննարկել ենք ուկրաինական խաղաղության բանաձեւի իրագործման ուղղությամբ աշխատանքի շարունակությունը և Խաղաղության գլոբալ գագաթնաժողովի նախապատրաստումը»,- ասել է Զելենսկին։