Տոկաևը Ղազախստանի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել ՝ կապված Ռուսաստանում տիրող իրավիճակի հետ
Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը Հանրապետության Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել՝ կապված Ռուսաստանում տիրող իրավիճակի հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Միջոցառման ընթացքում պետության ղեկավարը լսել է վարչապետի, գլխավոր դատախազի, Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի, պաշտպանության, ներքին գործերի, արտաքին գործերի նախարարների զեկույցները Ռուսաստանի Դաշնությունում իրավիճակի հետ կապված հանձնարարականների կատարման միջոցառումների մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես պարզաբանել են մամուլի ծառայությունում, ՌԴ-ում տեղի ունեցածը նրա ներքին գործն է, սակայն Ղազախստանում անհանգստությամբ են ընդունել իրավիճակը բարեկամ երկրում, որի հետ Հանրապետությունն ունի աշխարհի ամենաերկար սահմանը: Տոկաևը նշել է, որ ՌԴ-ն Ղազախստանի ռազմավարական գործընկերն է։
Տոկաևը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում աջակցել է Ռուսաստանի իշխանությունների կողմից սահմանադրական կարգի հաստատման և քաղաքացիների անվտանգության ապահովման միջոցներին:
«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնության ձեռքբերումը»,-նշել են մամուլի ծառայությունում:
Ղազախստանի նախագահը ցանկացած երկրի, այդ թվում՝ իր պետության ներքին քաղաքականության գլխավոր գերակայությունն է համարել օրենքի գերակայության սկզբունքը, որը ընկած է հասարակական կարգի ապահովման և սոցիալ-տնտեսական զարգացման հիմքում:
Բացի այդ, նիստի ընթացքում նշվել է Ղազախստանում ֆինանսատնտեսական կայունության, ինչպես նաև երկրի քաղաքացիների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Տոկաևը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է պատրաստ լինել արձագանքելու ճգնաժամային իրավիճակների առաջացման հնարավոր սպառնալիքներին։ Ղազախստանի նախագահը Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով հավանություն է տվել կառավարության կողմից մշակված գործողությունների օպերատիվ ծրագրին: