Երևանում 23-ամյա հնդիկը սպանել է իր հասակակից հնդիկին
Հունիսի 19-ին` ժամը 00.55-ին, շտապօգնության 2-րդ ենթակայանից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հասրաթյան փողոցի բենզալցակայանի մոտ երիտասարդի դիակ կա:
Ոստիկանությունից հաղորդում են, որ ժամը 01.15-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով և գլխի վնասվածքով բուժօգնության էր տեղափոխվել 31-ամյա հնդիկ երիտասարդ։
Հասրաթյան փողոցի նշված հասցե մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը հայտնաբերել էր Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Այյապպան Սուրաջի դիակը՝ մեջքի հատվածում կտրած-ծակած վերքով:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է սպանությունը կատարած անձի ինքնությունը։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին Մազմանյան փողոցում հայտնաբերվել, սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Մաշտոցի բաժին է տեղափոխվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Աբին Բիժու Կումարի Սինդհուին։
Քրեական վարույթը շարունակվում է։