Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Լեհաստանում է
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Լեհաստանում: Այցի առաջին օրվա ընթացքում նա այցելել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն և հանդիպեց դեսպան Սամվել Մկրտչյանի, պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանի և դեսպանության անձնակազմի հետ, տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Հանդիպումից հետո Գլխավոր հանձնակատարը ՀՀ դեսպանի և պատվավոր հյուպատոսի ուղեկցությամբ այցելել է Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամ, որտեղ պահպանվում և ցուցադրվում են լեհահայության պատմամշակութային ժառանգության թանգարանային նմուշները։
Հիմնադրամի խորհրդի նախագահ Մարիա Օհանովիչ-Տարասյուկը (Maria Ohanowicz-Tarasiuk) և Լեհաստանում հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Ա. Ժեբան (Andrzej A. Zięba) Զարեհ Սինանյանին են ներկայացրել հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև ցուցադրվող նմուշները, որից հետո Գլխավոր հանձնակատարը գրառում է կատարել հիմնադրամի պատվավոր այցելուների հուշամատյանում։