Կիևը քննադատել է Օբամային, որ նա ասել է՝ Ղրիմում 2014-ին որոշակի «համակրանք» կար ՌԴ տեսակետների նկատմամբ
Հանգամանքները տարբեր են եղել 2014 թվականին՝ համեմատած անցյալ տարի Ռուսաստանի կողմից Ուկրաինա ռազմական ներխուժման հետ։ Այն ժամանակվա Ուկրաինան այն Ուկրաինան չէր, որի մասին մենք այսօր խոսում ենք։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման։
«Ղրիմ զինված ներխուժման պատճառն այն է, որ Ղրիմում շատ ռուսախոսներ կային։ Որոշակի համակրանք կար այն տեսակետների նկատմամբ, որոնք ներկայացնում էր Ռուսաստանը»,- ասաց նա:
ԱՄՆ նախկին նախագահի խոսքով՝ արևմտյան դաշնակիցները Ուկրաինային նյութական աջակցություն չեն ցուցաբերել Ռուսաստանի դեմ պայքարելու համար և դեմ են արտահայտվել անեքսիային միայն տնտեսական և դիվանագիտական միջոցներով։
Ռուսաստանը Ղրիմը հայտարարեց իր օրինական մասը՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանի բնակչության մեծամասնությունը էթնիկ ռուս էր և խոսում էր ռուսերեն, ինչը Օբամայի խոսքով Եվրոպայում որոշակի ըմբռնում ունի:
«Եվ Մերկելը, և ես պետք է ներգրավեինք այլ եվրոպացիների, որպեսզի պատժամիջոցներ կիրառենք, որպեսզի թույլ չտանք Պուտինին շարունակել իր ներխուժումը Ուկրաինայի մնացած տարածքներ», - ընդգծել է նախկին նախագահը:
Օբաման նշել է, որ 2014 թվականի բռնակցումից հետո Ուկրաինայում ձևավորվել է մի զգացում, որն այսօր հանգեցրել է Ռուսաստանի դեմ կատաղի դիմադրության։
«Մենք Պուտինին մարտահրավեր նետեցինք այն գործիքներով, որոնք ունեինք այն ժամանակ՝ հաշվի առնելով, թե որտեղ էր գտնվում Ուկրաինան», - ասաց նա:
Ի պատասխան այս խոսքերի՝ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Twitter-ում գրել է. «Եթե հրապարակայնորեն ասվում է, որ 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը «օրինական էր և արդարացված», ապա չպետք է զարմանալ, որ այսօր Եվրոպայում տեղի է ունենում ռուսական լայնածավալ ագրեսիա և լայնածավալ ագրեսիվ պատերազմ, որը խլում է հարյուր հազարավոր կյանքեր։ Իսկ այդ «միջազգային օրենքը» գործնականում գոյություն չունի։ Միջազգային կառույցները ագրեսորին թույլ են տալիս օգտագործել իրենց դիրքերը պատերազմ քարոզելու համար։ Ռուսական ներկայիս ավտորիտար (նացիստական) ռեժիմը նախապատերազմյան կոնկրետ «արևմտյան քաղաքականության» արտացոլումն է։ Միգուցե ժամանակն է սկսել ընդունել քննադատական սխալները, այլ ոչ թե նոր արդարացումներ գտնել»: