Ադրբեջանը մեծ հեռահարության հրթիռներ գնելու պայմանագրեր է կնքել. Ալիեւ
Ադրբեջանը շարունակում է զինել սեփական բանակը նոր սպառազինություններով, այդ թվում մեծ հեռահարության հրթիռներով։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
Նրա խոսքով՝ շարունակվում է նոր սպառազինությունների գնման գործընթացը, եւ արդեն ստորագրվել են բազմաթիվ պայմանագրեր՝ ինչպես անօդաչու թռչող սարքերի, այնպես էլ մեծ հեռահարության հրթիռների (որոնք խոցող մեծ ուժ եւ բարձր ճշգրտություն ունեն) մատակարարման մասին։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի բանակի հետագա ամրապնդումը թիվ մեկ խնդիրն է մնում։ «Պատերազմից հետո նախաձեռնվում են բանակաշինության քայլեր, եւ դրա անհրաժեշտությունը կա, որովհետեւ աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում սրվում է, մեր տարածաշրջանում կան նոր սպառնալիքներ, Հայաստանում գլուխ են բարձրացնում ռեւանշիստական ուժերը»,- ասել է Ալիեւը։