Ուկրաինական հակահարձակումը չի արդարացնում Արևմուտքի սպասումները որևէ ճակատում. CNN
Վաղ փուլերում Ուկրաինայի հակահարձակումը ավելի քիչ հաջողություն ունի, իսկ ռուսական ուժերն ավելի շատ կոմպետենտություն են ցուցաբերում, քան ակնկալում էին արևմտյան փորձագետները, CNN-ին ասել են Արևմուտքի բարձրաստիճան զինվորական աղբյուրները:
«Հակահարձակումը ոչ մի ճակատում չի արդարացնում սպասելիքները», - ասել է աղբյուրներից մեկը:
Ըստ արևմտյան գնահատականների՝ ռուսական պաշտպանական գծերը լավ ամրացված են, ինչը դժվարացնում է ուկրաինական ուժերին դրանք ճեղքելը։ Բացի այդ, ռուսական զորքերը հաջողությամբ զսպում են ուկրաինական զրահատեխնիկան հրթիռային հարվածներով և ականներով, ինչպես նաև ավելի արդյունավետ են օգտագործում օդային ուժերը։
Ուկրաինական ուժերն ապացուցում են, որ «խոցելի» են ականապատ դաշտերի համար, մինչդեռ ռուսական ուժերը «կոմպետենտ» են դրանք պաշտպանելու հարցում, ասել է աղբյուրներից մեկը։
Աղբյուրները նախազգուշացրել են, սակայն, որ հակահարձակումը դեռ իր սկզբնական փուլում է, և որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները «պահպանում են լավատեսությունը», որ ուկրաինական ուժերը կարող են ժամանակի ընթացքում տարածքային նվաճումներ ունենալ: ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, ամենայն հավանականությամբ, կսպասեն առնվազն մինչև հուլիս, որպեսզի ստանան հակահարձակման ընթացքի ամբողջական գնահատականը, որը աստիճանաբար սկսվել է վերջին մի քանի շաբաթների ընթացքում և որոշիչ է համարվում հասկանալու համար, թե պատերազմում ի վերջո ով կհաղթի:
Բացի այդ, աղբյուրները նշում են, որ ուկրաինական զորքերը իրենք են հարմարվում ռուսական մարտավարությանը և պաշտպանությանը, այդ թվում՝ ավելի շատ գործողություններ իրականացնելով հետևակի կիրառմամբ։ Վերջին օրերին ուկրաինական ուժերն առավել հաջողությամբ են թիրախավորել և խոցել ռուսական ինքնաթիռները։
Ի վերջո, հակահարձակումը ծանր փորձություն է Ուկրաինայի և Ռուսաստանի համար, եւ որ երկու կողմերն էլ մեծ կորուստներ են կրում, ասել են աղբյուրները: