Շատ էմոցիոնալ պահ է. ուրախ եմ, որ հայ ժողովրդի մի մասնիկն եմ. Ալիսոն Հալվերսոն
Տարբեր տարածությունների վազորդ Ալիսոն Հալվերսոնը Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպական ամառային երրորդ խաղերին մասնակցելուց հետո ArmSport-ի հետ զրույցում պատմել է տպավորությունների մասին:
«Հայաստանը ներկայացնելն ինձ համար մեծ նշանակություն ուներ: Իսկապես շատ էմոցիոնալ պահ է: Գիտեմ իմ նախնիների պատմությունը, ովքեր Ցեղասպանությունից հետո գաղթել են ԱՄՆ: Գիտեմ, որ Հայաստանի համար հիմա էլ ծանր ժամանակներ են, քանի որ Արցախում պատերազմը չի ավարտվել: Ես անկեղծորեն ապրումակցում եմ հայ ժողովրդին և շատ ուրախ եմ, որ հայ ժողովրդի մի մասնիկն եմ: Մենք այսօր ցույց տվեցինք, որ այստեղ ենք, կարող ենք հաղթել ու որ հայ ժողովուրդն ուժեղ է»,- նշում է Հալվերսոնը:
Հալվերսոնը վերջերս է մայրացել. ասում է՝ Եվրոպական խաղերին մասնակցությունն ու գրանցած արդյունքներն արդեն իսկ մեծ նվաճում էին իր համար.
«Արդյունքներս գոհացնող են:Ուրախ եմ, որ այստեղ եմ, ներկայացնում են Հայաստանն ու նպաստում եմ թիմի արդյունքներին: Շատ եմ ցանկանում Հայաստանի կազմում մասնակցել Օլիմպիական խաղերին ու ամեն ինչ կանեմ դրա համար»:
Մարզուհու խոսքով՝ Հայաստանի թիմում իրեն շատ լավ են ընդունել, բոլորի հետ ընկերացել է ու շատ ջերմ հարաբերությունների մեջ է. «Շատ եմ սիրում նրանց: Այո, մենք նույն լեզվով չենք խոսում, բայց սպորտը միավորում է: Մենք իրար հասկանում ենք մեր էմոցիաներով, գրկախառնություններով ու խոսում ենք աթլետիկայի լեզվով»:
Հիշեցնենք՝ Հալվերսոնը Հայաստանի քաղաքացիություն ստացել էր դեռևս 2019 թվականին, սակայն Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն, նա չէր կարող փոխել քաղաքացիությունը և անմիջապես ներկայացնել տվյալ երկիրը ու պարտավոր էր սպասել 2 տարի, քանի որ ժամանակին հանդես է եկել ԱՄՆ հավաքականի կազմում: