Հնդիկ տղամարդը երկու տարի անվճար ապրել է հինգ աստղանի հյուրանոցում
Հնդկաստանի ոստիկանությունը հետաքննում է խարդախության մեջ կասկածվող Անկուշ Դուտտային, ով գրեթե երկու տարի անցկացրել է հինգաստղանի հյուրանոցում՝ չվճարելով դրա դիմաց։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։
Անկուշ Դուտտան սենյակ է ամրագրել Դելիի Roseate House հյուրանոցում 2019 թվականի մայիսի 30-ին և պետք է հեռանար հաջորդ օրը: Այնուամենայնիվ, նա որոշել է երկարաձգել հյուրանոցում իր հանգիստը 603 գիշերով՝ մինչև 2021 թվականի հունվարի 22-ը՝ թողնելով 70,000 դոլար չվճարված հաշիվներ։
«Հաշիվները կեղծվել են՝ փաստացի պարտքը թաքցնելու համար», ասվում է ոստիկանության բողոքի մեջ, որը մեջբերում է Indian Express թերթը:
Հյուրանոցի տնօրինությունը բողոք է ներկայացրել ոստիկանություն նաև մի քանի աշխատակիցների դեմ՝ դավադրության, կեղծիքի և խարդախության համար։ Նրանք կասկածում են, որ աշխատակիցներին կաշառել են ներքին ծրագրային համակարգերի մանիպուլիացիայի համար: