Թալինի քրեական հետախույզները բացահայտեցին բնակարանային գողությունը
Մայիսի 18-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ մարտ ամսից մինչև մայիսի 18-ը եղբորորդու տնից գողացել են հեռուստացույց: Արագածավան գյուղի Մուրացանի փողոցի նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ չբնակեցված տուն էին մտել պատուհանի ճաղավանդակը բացելու միջոցով:
Իրականացվել էին անհրաժեշտ գործողություններ, նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկվել էին համապատասխան միջոցառումներ, սակայն արագ բացահայտելու նախադրյալներ չկային: Գործի անցան բաժնի քրեական հետախույզները: Տևական օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք ստացան տեղեկություն, որ գողությունը կատարել են նույն գյուղի 29 և 31 տարեկան երկու բնակիչ: Ընդ որում` առաջինը հենց Մուրացանի փողոցի բնակիչ էր:
Հունիսի 21-ին ոստիկանության Թալինի բաժնում 31-ամյա տղամարդը խոստովանեց, որ գողոնն իր տանն է: Նույն օրը ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց նաև 29-ամյա երիտասարդը:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: