Բերանի խոռոչի ճիշտ հիգիենան կօգնի ազատվել մշտական տհաճ հոտից
Բերանի խոռոչից տհաճ հոտը կարող է առաջանալ ամենատարբեր պատճառներով՝ սկսած ուտելիքից, վատ սովորություններից, մինչև լնդերի եւ ատամների հիվանդություններ: Այդ իսկ պատճառով, մինչև համապատասխան միջոցներ կիրառելը, ցանկալի է հետազոտվել և պարզել մշտական խնդրի պատճառը, հայտնում է Aysor.am-ը։
Սուր հոտով մթերքը ևս կարող է լինել բերանի տհաճ հոտի պատճառներից մեկը, քանի որ ուտելիքի մնացորդները կարող են մնալ բերանի խոռոչում՝ ատամների արանքում և լեզվի վրա՝ առաջացնելով բակտերիաներ:
Ծխախոտը նույնպես բերանի տհաճ հոտի «պատասխանատուներից» մեկն է:
Հաճախ բերանի տհաճ հոտը կարող է վկայել լնդերի հիվանդության կամ կարիեսի մասին: Խնդրի առաջացման հիմքում կարող է ընկած լինել բերանի խոռոչի չորությունը (քսերոստոմիա)։ Թոքաբորբը, շաքարային դիաբետը, երիկամի հետ կապված խնդիրները ևս «պատասխանատու են» բերանի խոռոչի տհաճ հոտի համար:
Բերանի տհաճ հոտից ազատվել կարելի է՝ պահպանելով ճիշտ հիգիենա. Անհրաժեշտ է ատամները լվանալ օրական երկու անգամ, նաև՝ ուտելուց անմիջապես հետո:
Պետք է նաև լվանալ լեզուն, իսկ խոզանակը թարմացնել երկու կամ երեք ամիսը մեկ, ինչպես նաև՝ սուր շնչառական հիվանդություններից հետո:
Խնդրից խուսափելու և այն կանխարգելելու նպատակով, մասնագետները խորհուրդ են տալիս շատ ջուր խմել: Դա կապահովի բերանի խոռոչի խոնավությունը, ինչն իր հերթին կնպաստի թարմ շնչառությանը:
Առանց շաքարի մաստակը կամ կոնֆետները, որոնք անանուխ են պարունակում, նույնպես օգնում են պայքարել բերանի խոռոչի տհաճ հոտի դեմ:
Ուշադիր պետք է լինել նաև դեղերի նկատմամբ. Որոշ դեղամիջոցներ կարող են վատ հոտ առաջացնել բերանում:
Եթե ինքնուրույն չի ստացվում ազատվել բերանի տհաճ հոտից, ապա ցանկալի է այցելել ատամնաբույժի: