«Տիտան» սուզանավի որոնումները մտել են վճռական փուլ․ սարքը դեռ չի գտնվել, թթվածնի պաշարները սպառվում են
Հյուսիսատլանտյան օվկիանոսում անհետացած «Տիտան» սուզանավի որոնումները մտել են վճռական փուլ, զգուշացնում են փրկարարները։ Նրանց հաշվարկներով՝ սուզանավում թթվածնի պաշարները կարող են սպառվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «BBC»-ին։
Հիշեցնենք, որ «Փոլար Փրինս» հետազոտական նավը, որը «Տիտանին» բերել էր սուզվելու վայր, կորցրել է կապը նրա հետ անցյալ կիրակի։ Երբ սարքը սկսել է իջնել «Տիտանիկ» նավի բեկորների ուղղությամբ, մեկ ժամ 45 րոպե անց կապը նրա հետ կորել է:
Հինգշաբթի առավոտյան ԱՄՆ-ի առափնյա պահպանության ծառայությունն ընդլայնել է փրկարարական գործողությունների տիրույթը՝ ներգրավելով ևս տասը նավ և մի քանի սուզանավ։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Կանադայի փրկարար ծառայությունները։ Փորձագետները ենթադրում են, որ հինգշաբթի առավոտյան «Տիտան» սուզանավում թթվածնի պաշարները պետք է վերջանային, սակայն այդ հանգամանքը չի կանգնեցնում փրկարարներին։
Բժիշկ-փորձագետների կարծիքով՝ անհնար է որոշել ճշգրիտ ժամանակը, թե երբ սուզանավում ամբողջությամբ կվերջանան թթվածնի պաշարները, քանի որ դրանք կարող են բավարարել սպասվածից ավելի երկար ժամանակ, հետևաբար շատ բան կախված կլինի սուզանավում ստեղծված պայմաններից և անձնակազմի անդամների կողմից թթվածնի սպառման արագությունից: