Ադրբեջանն ու Ղազախստանը նավթի տարանցման և տրանսպորտի բնագավառներին առնչվող փաստաթղթեր են ստորագրել
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) և Ղազախստանի «Ղազմունայգազ» ազգային ընկերությունը հուշագիր են ստորագրել ադրբեջանական տարածքով ղազախական նավթի տարանցման շուրջ ռազմավարական համագործակցության վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հաղորդել է Ադրբեջանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
Փաստաթուղթն ստորագրվել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովի և նրա ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի միջև Բաքվում կայացած բանակցությունների արդյունքներով։
Ադրբեջանի կառավարության տեղեկատվությամբ՝ ստորագրվել է նաև համաձայնագիր «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի, «Ղազախստանի երկաթուղիներ ազգային ընկերություն» բաժնետիրական ընկերության և «Վրացական երկաթուղիներ» բաժնետիրական ընկերության միջև համատեղ ձեռնարկության ստեղծման և գործունեության հիմնական սկզբունքների վերաբերյալ, ինչպես նաև համագործակցության հուշագիր Ադրբեջանի թվային զարգացման ու տրանսպորտի նախարարության և Ղազախստանի արդյունաբերության ու ենթակառուցվածքների զարգացման նախարարության միջև տրանսպորտային փոխգործակցության ընդլայնման և «Միջին միջանցքի» թվայնացման ոլորտում։
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը և Ղազախստանի արդյունաբերության ու ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը նաև ստորագրել են նավերի ու երկաթուղային լոկոմոտիվների մատակարարումների բնագավառում համագործակցության հուշագիր։ Բացի այդ, կողմերն ստորագրություններով ամրագրել են զբոսաշրջության, սպորտի և մշակույթի ոլորտներում համագործակցության շուրջ միջգերատեսչական փաստաթղթերը։
Ղազախստանի վարչապետն Ադրբեջանում է գտնվում երկօրյա պաշտոնական այցով։