Տեղումներն Արցախում մեղմում են էներգետիկ ճգնաժամը, սակայն տոտալ շրջափակման պատճառով իրավիճակը կարող է ավելի ծանր լինել
Ընթացիկ տարվա հունիս ամսում անձրևաջրերի աննախադեպ ծավալներն Արցախում որոշակիորեն մեղմում են էներգետիկ ճգնաժամը, բայց չեն կարող վերականգնել ներկայում էլեկտրաէներգիայի հիմնական ռեսուրս հանդիսացող Սարսանգի ջրամբարի նախկին պաշարները:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի պատասխանատու Տաթևիկ Խաչատրյանը:
«Ջրամբարի ծավալի վերականգնումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը դադարի խոչընդոտել Հայաստանի Հանրապետությունից Արցախին մատակարարվող էլեկտրաէներգիայի վերականգնումը: Այդ պարագայում ստիպված չենք լինի մեծ ծավալով օգտագործել ջրամբարի ռեսուրսները, և մոտ մեկ տարվա ընթացքում կվերականգնվի նախկին ծավալը»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ Արցախի կառավարությունը տարբեր միջոցառումներով, էլեկտրաէներգիայի սպառման ծավալների կրճատման միջոցով, ջրամբարում որոշակի ջրային պաշարներ է փորձում կուտակել՝ առաջիկա ամիսներին և հատկապես ձմռանն ավելի արդյունավետ դիմակայելու խորացող էներգետիկ ճգնաժամին: