Կախովկայի ՀԷԿ-ի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի
Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում Կախովկայի հիդրոէլեկտրակայանի վթարի և բնակավայրերի լայնածավալ հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել են արտակարգ ծառայություններում։
«Վերջին տվյալներով՝ զոհվել է 46 մարդ, 122 մարդ`տուժել, նրանք հոսպիտալացվել են», - ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է 41 մարդ, 121-ը` հոսպիտալացվել:
Իսկ Խերսոնի մարզի՝ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող հատվածում, ըստ երկրի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի, հեղեղումների զոհ է դարձել 21 մարդ: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հունիսի 19-ին Կլիմենկոն նշել էր, որ 31 մարդ անհետ կորած է: