Առաջին անհրաժեշտության ապրանքների առումով խանութներում դատարկություն է, մարդիկ 90-ականներն են հիշում. ի՞նչ իրավիճակ է Արցախում
Գրեթե մեկ շաբաթ է՝ Արցախում հումանիտար օգնություն չի մտնում, շտապ բուժօգնության կարիք ունեցող մարդկանց էլ չեն կարողանում տեղափոխել Հայաստան։
«Իրավիճակն Արցախում չի կարող լավ լինել, արդեն բավականին ժամանակ է, որ հումանիտար բեռներ չեն գալիս Արցախ։ Ստացվում է, որ Արցախն արդեն մեկ շաբաթ է՝ գոյատևում է իր պահեստավորած մթերքով։ Խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքներ չկան, փոխարենը կան ապրանքներ, որոնք խիստ անհրաժեշտ չեն, և չեմ հասկանում, թե ինչ տրամաբանությամբ են դրանք բերվել։ Սկզբի մեկ-երկու օրերին տրամադրությունը խուճապային էր՝ ապրանքները պահեստավորելու առումով։ Կարող եմ ասել, որ առաջին անհրաժեշտության ապրանքների առումով խանութներում դատարկություն է։ Հույս ունենք, որ մարդկանց տներում կան որոշակի պահեստավորված ապրանքներ՝ որոշակի ժամանակ դիմակայելու համար», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով՝ այս երկու օրերին իշխանությունների հնչեցրած հայտարարություններն էլ են բնակչության շրջանում լարվածություն առաջացնում.«Նույնիսկ այն աստիճանի, որ մարդիկ արդեն չորահաց էին պատրաստում։ Սակայն երբ դրա մասին խոսում ես, այդ նույն իշխանությունները հայտարարում են, որ խուճապ մենք ենք տարածում։ Իշխանությունը մեկ խուճապ է առաջացնում, մեկ էլ դրա մեջ ընդդիմությանն է մեղադրում։ Մի խոսքով՝ իշխանությունների գործողություններն ինչպես եղել են անհասկանալի ժողովրդի համար, այդպես էլ մնում են։ Իսկ, ընդհանուր առմամբ, իշխանությունն այս իրավիճակում էլ աթոռը պահելու խնդիր է լուծում, փոխարեն աթոռը տեղը դնելու կամ ունենալու խնդիրը լուծի այս պահին»։
Հակոբյանը նաև շեշտեց, որ անհասկացվածություն կա նաև ռուս խաղաղապահների մասով.«Հասկանալի է, որ անցակետի հետ կապված խնդիրը իրենք, բնականաբար, չեն կարող շտկել, քանի որ դա խիստ քաղաքական խնդիր է, և այդ ուղղությամբ այսօր շատ ակտիվ պետք է աշխատեին թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները։ Դա պետք է լիներ այսօր իրենց գլխավոր աշխատանքը, սակայն այդ ուղղությամբ, կարծես, ոչինչ չի արվում։ Իսկ խաղաղապահներն այսօր պետք է կարողանային և պարտավոր էին հումանիտար բեռներ ներկրել Արցախ, քանի որ իրենց գործառույթն այստեղ հումանիտար խաղաղապահ գործունեություն իրականացնելն է, որը, ցավոք, ինչպես տեսնում ենք, մեկ շաբաթից ավելի է՝ չի կատարվում։ Նույն կերպ նաև Կարմիր Խաչի գործունեությունը, որը դադարեցվել է և վիճակն աղետալի է, քանի որ մենք հիվանդներ ունենք, որոնք շտապ պետք է տեղափոխվեն Հայաստան։ Բայց այսօր, երբ այդ մարդկանց կյանքը, գուցե, րոպեներից է կախված, իրենք արդեն մեկ շաբաթից ավելի է՝ հնարավորություն չունեն տեղափոխվելու։ Առողջապահության նախարարությունն էլ է ահազանգել, որ արդեն դեղերի խնդիր ունենք։ Այդ առումով վիճակն աղետալի է և րոպեների, ժամերի ընթացքում իրավիճակը փոխվում է՝ ոչ հօգուտ մեզ»։
Նա նաև ավելացրեց, որ մտադրություն ունեին Արցախի անվտանգության և զարգացման ճակատի խորհրդի անդամներով այցելություններ կատարել Արցախի տարբեր շրջաններ, սակայն վառելիքի խնդիր ունեն և դժվար թե կարողանան.«Այսօր Ստեփանակերտում հատուկենտ մեքենաներ կտեսնեք, դրանք էլ երևի իրենց պահեստավորած վառելիքն են այսօր օգտագործում։ Բայց իմ մի քանի գործընկերները եղել են Մարտունու, Մարտակերտի մի քանի համայնքներում և, իրենց ասելով, մարդիկ կոտրված չեն։ Նույնիսկ այն իրավիճակն է, որ բոլորը պատրաստ են հույսն իրենց վրա դնել։ Այստեղ պետք է հասկանալ, թե ինչքանով է յուրաքանչյուր մարդ պատրաստ իր անվտանգությունը պաշտպանել։
Հավատացեք՝ այս պարագայում սննդի խնդիրն առաջին տեղում չէ։ Ի վերջո, մենք 7 ամիս է՝ սարսափելի իրավիճակում ենք գտնվում և այսքանն անցնելուց հետո, մենք պատրաստ ենք շարունակել, միայն թե որևէ կերպ հանկարծ չկորցնենք հայրենիքը։ Իսկ հայերնիքի համար անհնարինն անելու հաստատակամությունը կա։ Կա սեփական իշխանությունների նկատմամբ անվստահություն, անհասկացվածություն, որը դժվարեցնում է ժողովրդի վիճակը։ Միանշանակ, ընկճվածություն չկա, հակառակը, ինչքան օղակը սեղմվում է, այնքան մարդիկ հույսը դնում են հենց իրենց վրա՝ գիտակցելով, որ ինչքան էլ մենք ունենք դաշնակից պետություն, ինչքան էլ ունենք Հայաստանում մեզ սատարող հայրենակիցներ, բայց մեզ պատրաստակամ հանձնող իշխանություններ, միևնույն է, այս պարագայում մենք պետք է հույսը մեզ վրա դնենք։ Մարդիկ սկսել են հաճախ հիշել 90-ականները, երբ ստիպված էին տարիներով ապաստարաններում ապրել՝ սննդի նույնիսկ բավարար քանակ չունենալով։ Մարդիկ համեմատություններ են անցկացնում նախկինի հետ և ասում, որ հիմա այդ առումով ավելի լավ վիճակում են, սակայն վատ իրավիճակում են՝ ունենալով նման իշխանություններ ՀՀ-ում և Արցախում»։