ՀԱՊԿ-ն ավելի ու ավելի է նյարդայնացնում Արևմուտքին․ ՌԴ ԱԳՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն իր զարգացման հետ մեկտեղ ավելի ու ավելի է նյարդայնացնում արևմտյան երկրներին, որոնք հակադրվում են ՀԱՊԿ-ին՝ բարդացնելով նրա փոխգործակցությունը այլ միջազգային կառույցների հետ, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Տեսնում ենք, թե ստեղծվող խնդիրների պատճառով ինչ դժվարությամբ է ընթանում ՀԱՊԿ փոխգործակցությունն այլ միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով ՀԱՊԿ-ում պառակտում մտցնելու Արևմուտքի փորձերի մասին հարցին։
Ինչպես նշել է ռուս դիվանագետը, Արևմուտքում չեն թաքցնում ՀԱՊԿ-ն թուլացնելու իրենց ցանկությունը՝ սևացնելով կազմակերպությանը հանրային տարածքում, ինչպես նաև լրացուցիչ արտոնություններ խոստանալով Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու համար: