Թուրքը վախկոտ է, նա չէր գա հայի հետ Շուշիում ապրեր. Շուշիի քաղաքապետ
Եթե Նիկոլ Փաշինյանը Շուշին դժբախտ ու դժգույն է համարում, պարզ է, որ հիմա էլ նախկիններին կմեղադրի, եւ եթե նախկիններն էին ծախել Արցախը, ապա ինչո՞ւ այն ժամանակ թուրքերը չէին գալիս ու մտնում Շուշի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:
«Շուշին վերածվել էր շինհրապարակի. նորոգվել էին դպրոցները, մանկապարտեզները գործում էին, ասֆալտապատ էր: Շուշին գնալով ավելի էր փոխվում, մշակութային կենտրոններ էին գործում, թանգարանները գործում էին»,- ասաց Արծվիկ Սարգսյանը:
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրեն զեկուցել էր Շուշիի անկման մասին, եւ այն, որ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են, Արծվիկ Սարգսյանն ասաց.
«Ամսի 7-ին Շուշիում մարտեր եղել են, 8-ին է եղել մարտեր, ամսի 9-ին խայտառակ պայմանագիրը կնքվել է, ու էլ կռիվ չի եղել: Ես չեմ հասկացել, թե ինչու է նա այդպես ասում: Այդ օրերին նյութեր են եղել, որ կռիվներ են եղել Շուշիում»:
Անդրադառնալով Փաշինյանի այն պնդմանը, որ պատերազմի օրերին ադրբեջանական կողմը առաջ է քաշել նախապայման, ըստ որի՝ ադրբեջանցի փախստականները, որոնք հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության 90 տոկոսը, պետք է վերադառնային Շուշի, Շուշիի քաղաքապետն ասաց.
«Եթե թուրքի վզին դանակը դնեիր, նա հայի չէր գա ապրեր, որովհետեւ 6 հազար բնակիչ ունեինք: Ո՞նց թուրքը կգար ու ասեր՝ տնից դուրս արի, ես այս տանն ապրեմ: Բայց եթե իհարկե Քաշաթաղի նման չգային, հանեին, ու ասեին՝ թուրքը գալիս է ապրի, ապա ոչ մի հայ դուրս չէր գա: Եթե հոկտեմբերի զինադադարի լիներ, իրենք չգային ու Շուշին չվերցնեին, ոչ մեկ չէր գալու ասեր՝ ես եկել եմ, որ այստեղ ապրեմ: Մինչեւ 90-ականները հայերն են եղել քիչ, թուրքերն են շատ եղել, բայց հիմա էլ հո հայերն էին շատ, թող փորձեին գալ ու ասել: Մեկ է՝ թուրքը վախկոտ է, նա չէր գա հայի հետ Շուշիում ապրեր»:
Անդրադառնալով Արցախի տոտալ շրջափակմանը՝ Սարգսյանն ասաց. «90-ականներին փառք ենք տալիս. այն ժամանակ ուղղաթիռ կար, դրանով պարեն ու դեղորայք էին բերում: Գոնե այն ժամանակ Արցախի թիկունքում Հայաստանի իշխանություններն ու Սփյուռքն էր, ազգն էլ միասնական էր, բայց այսօր ազգը պառակտված է: Արցախցին գուցե դիմանում է, բայց երեխաներն ինչպե՞ս դիմանան: Առաջին անհրաժեշտության մթերքները չկան, այսօր արդեն շաքարավազ չկա: Կամաց-կամաց ամեն ինչ քչանում է»: