Ադրբեջանցուն ասացի՝ եթե մտնելու ես տղայիս մոտ, հարցրու՝ ի՞նչ է աղջկա անունը. 5 րոպե անց զանգեց. Անհետ կորածի ծնող
Արմեն Աբազյանը կընդունի 44-օրյա պատերազմում անհետ կորած Էջմիածնի N զորամասի զինվորների ծնողներին։ Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ հավաքվել են 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները` պահանջելով հանդիպում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Նրանց որդիները ծառայել են Էջմիածնի N զորամասում, և 2020 թվականի հոկտեմբերի 21-ից ծնողները որևէ տեղեկություն չունեն որդիներից։
Անհետ կորածներից Վարդան Ադոյանի մայրը լրագրողների հետ զրույցում ասաց, թե ԱԱԾ աշխատակիցներից Աշոտ Խաչատրյանը «ամիսներով իր տնից դուրս չէր գալիս»։
«Իմ հարսին ադրբեջանցի էր գրում, ես փորձեցի դիմել ԱԱԾ, որ հետևեն ընթացքին, որպեսզի չսայթաքեմ։ Ինձ ասացին, որ այդ ադրբեջանցին ֆեյք է։ ԱԱԾ-ն պարզեց, որ այդ զանգը Գյանջայից էր գալիս։ Ես այդ ադրբեջանցուն ասացի՝ եթե մտնելու ես տղայիս մոտ, հարցրու՝ ինչ է աղջկա անունը։ 5 րոպե անց զանգեց, ասաց, թե Վարդանը հայերեն ոչ մի բառ չի ասում։ Բարևում է մեր լեզվով, ասում է՝ «սալամայ»։ Բայց իմ թոռնիկի անունը Սալոմե է։ Էլ ոչ մի բան չի քննարկվում», - ասաց Վարդան Ադոյանի մայրը։