Մասկը Մոդիին կտեղեկացնի Tesla-ի՝ Հնդկաստանում ներդրումային ծրագրերի մասին
Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն ուղիղ կտեղեկացնի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին այնտեղ արտադրական բազա ստեղծելու ծրագրերի մասին։ Գրել է Reuters-ը՝ հղում անելով այդ մասին անմիջական տեղեկություն ունեցող աղբյուրին:
Հանդիպումը, որը բարձր մակարդակով առաջինն է ընդլայնումը քննարկելու համար, կկայանա երեքշաբթի օրը՝ Մոդիի՝ ԱՄՆ պետական այցի ժամանակ:
Ամերիկյան ավտոարտադրողի ղեկավարներն անցյալ ամիս այցելել են Հնդկաստան ու բանակցություններ վարել հնդիկ պաշտոնյաների և նախարարների հետ՝ մեքենաների արտադրական բազա ստեղծելու, ինչպես նաև Հնդկաստանում մարտկոցներ արտադրելու վերաբերյալ:
Մասկը Մոդիի հետ կքննարկի ներդրումային ծրագրերն ու հեռանկարները։ Ասել է աղբյուրը՝ ծրագրված քննարկումը նկարագրելով որպես «բարձր մակարդակի հանդիպում Հնդկաստանի տնտեսական ներուժի մասին»։
«Tesla-ն շատ ուժեղ ծրագրեր ունի Հնդկաստանի համար, ներառյալ արտադրությունը»,- հավելել է աղբյուրը:
Tesla-ն չի պատասխանել Reuters-ի հարցումներին: Հնդկաստանի կառավարության խոսնակը չի պատասխանել հարցմանը: