Իսլանդիան դադարեցրել է ֆինվալների որսը
Իսլանդիայի կառավարությունը երեքշաբթի հայտարարել է, որ դադարեցրել է ֆինվալների(կետերի տեսակ - խմբ.) որսը մինչև օգոստոսի 31-ը, այն բանից հետո, երբ Իսլանդիայի Սննդի և անասնաբուժական մարմնի զեկույցը եզրակացրել է, որ կետերին սպանելն ավելի երկար է տևում, քան թույլատրվում է երկրի կենդանիների պաշտպանության մասին օրենքով, հաղորդում է Reuters-ը:
Ֆինվալների որսը, որոնց երկարությունը կարող է հասնել ավելի քան 20 մետրի, Իսլանդիայում վերսկսվել է 2006 թվականին՝ 1986 թվականի մորատորիումից հետո: Իսլանդիան Նորվեգիայի և Ճապոնիայի հետ միասին այն եզակի երկրներից է, որտեղ կետերի առևտրային որսը դեռևս թույլատրված է:
«Ես որոշում եմ կայացրել կասեցնել կետերի որսի բոլոր գործողությունները», - ասվում է պարենի, գյուղատնտեսության և ձկնորսության նախարար Սվանդիս Սվավարսդոտիրի հայտարարության մեջ: «Այս գործունեությունը չի կարող շարունակվել ապագայում, քանի դեռ իշխանությունները և լիցենզիա ունեցողները չեն կարող ապահովել, որ բարեկեցության պահանջները բավարարվեն»:
Սվավարսդոտտիրն ասաց, որ մտադիր է իմանալ կետերի որսի փորձագետների և լիցենզիա ունեցողների կարծիքը՝ ապագայում կետերի նկատմամբ հետագա սահմանափակումները ուսումնասիրելու համար: