Կիպրոսը «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն է հայտարարել հակառուսական պատժամիջոցները շրջանցողների նկատմամբ
Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը երեքշաբթի «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն է հայտարարել Կիպրոսի ցանկացած քաղաքացու կամ ընկերության նկատմամբ, որն օգնում է շրջանցել Ռուսաստանի դեմ ուկրաինական հակամարտության պատճառով սահմանված միջազգային պատժամիջոցները, հաղորդում է Associated Press-ը:
Խրիստոդուլիդիսն ընդգծել է, որ իր վարչակազմը հավատարիմ է Կիպրոսի՝ որպես «հուսալի բիզնեսի և ֆինանսական կենտրոնի» համբավը պահպանելուն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան վերջերս Կիպրոսի մի քանի քաղաքացիների և Կիպրոսում գրանցված ընկերությունների ցուցակագրել են որպես «միջնորդներ, որոնք օգնում են ռուս օլիգարխներին շրջանցել պատժամիջոցները»:
Կիպրոսի նախագահը իր վարչակազմի պաշտոնավարման առաջին 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսում ասաց, որ այդ հարցը Կիպրոսին հնարավորություն է տալիս վերաբրենդավորվել որպես «Արևելքն ու Արևմուտքը, եվրոպական շուկան Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի հետ կապող ֆինանսական հանգույցի»:
«Մեր երկրի նկատմամբ վստահությունը դրսում չափազանց կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ներգրավել որակյալ ներդրումներ, որոնք եկամուտ կբերեն մեր երկրին, կստեղծեն նոր, որակյալ աշխատատեղեր և շատ ավելին», - ասաց Խրիստոդուլիդիսը:
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ապրիլի 12-ին և մայիսի 19-ին հրապարակել են ցուցակ, որտեղ ներառված են կիպրոսցի իրավաբաններ, գործարարներ և ընկերություններ, որոնք, նրանց կարծիքով, «պատժամիջոցներից խուսափելու ցանցի» մաս են կազմում, որն աջակցում է ռուս միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովին և Ռոման Աբրամովիչին՝ 20 երկրներում: