Հռոմի պապն ընդունել է Կուբայի նախագահին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 20-ին ունկնդրության է ընդունել Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, հանդիպումը տևել է 45 րոպե։
Ֆրանցիսկոսը Կուբայի նախագահին է նվիրել պապական փաստաթղթեր և ձիթենու ճյուղ կրող աղավնու բրոնզե քանդակ՝ «Եղե՛ք խաղաղության ավետաբերները» մակագրությամբ։ Դիաս Կանելն իր հերթին քահանայապետին է նվիրել կուբացի բանաստեղծների ստեղծագործություններ և արծաթից, բրոնզից և փայտից պատրաստված «Ընթերցողը» փոքրիկ արձանիկը։
Ինչպես նշել է Վատիկանի մամուլի ծառայությունը, Կուբայի նախագահը հանդիպել է նաև Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կուբայի ղեկավարը կայցելի Եվրոպայի մի քանի երկրներ, այդ թվում՝ Իտալիա։
ТАСС-ը նշում է, որ ԱՄՆ-ի և Կուբայի մերձեցումը հնարավոր դարձավ Հռոմի Ֆրանցիսկոս պապի անձնական դիվանագիտության շնորհիվ։ Վաշինգտոնի և Հավանայի միջև հարաբերությունների կարգավորման գործում հովվապետի կարևոր միջնորդական դերը հրապարակայնորեն մատնանշել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Կուբայի պետական խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն: