ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 39 հազար եվրո փոխհատուցել Արման Ենգիբարյանի կյանքի իրավունքի խախտման համար
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 20-ին արձանագրել է, որ ՀՀ-ն խախտել է Արման Ենգիբարյանի՝ Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը և պարտավորեցրել է Հայաստանին Ենգիբարյանի ընտանիքին վճարել 39.000 եվրո փոխհատուցում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ենգիբարյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը տեղեկացրել է, որ մարդու կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ այդ շատ կարևոր գործը Եվրոպական դատարան էին հասցրել շուրջ 11 տարի առաջ:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր որոշմամբ վճռել է, որ Ենգիբարյանի մահվան առնչությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում»,-նշել է Մարուքյանը:
Արման Ենգիբարյանի ընտանիքը դիմել էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, որից հետո ներպետական ատյաններում և Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում Ենգիբարյանի իրավահաջորդի շահերը ներկայացրել են փաստաբաններ Էդմոն Մարուքյանը և Տաթևիկ Մատինյանը՝ դեռևս 2012 թվականին։
«Սույն գործով պետք է պատասխանատվության կանչվեն նախկին ոստիկանապետը, դատական համակարգի և իրավապահ համակարգի այդ գործով պատասխանատուները»,-կարևորել է Մարուքյանը:
Ըստ ՄԻԵԴ հրապարակված վճռի՝ գործը հետևյալի մասին է՝ 2011 թվականին ոստիկանության աշխատակիցը Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ կրակել է Արման Ենգիբարյանի վրա, ով հիվանդանոցում մահացել է: Ոստիկանները հետապնդելիս են եղել քաղաքացուն, քանի որ Ենգիբարյանը կասկածվել է բնակարանային կողոպուտներ կատարելու մեջ: Ըստ ոստիկանների՝ հետապնդելու ժամանակ Ենգիբարյանը կրակել է ոստիկանների վրա, ոստիկանն էլ պատասխան կրակ է արձակել:
Դեռ 11 տարի առաջ այս գործի վերաբերյալ հարցազրույցի ժամանակ Էդմոն Մարուքյանը ասել էր՝ որևէ ապացույց չի ներկայացվել, որ Արման Ենգիբարյանին հետապնդելը եղել է օրինական: «Եվ երկրորդ՝ Արման Ենգիբարյանին հետապնդելիս ոստիկանները կիրառել են անհամաչափ ուժ: Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ կյանքի իրավունքի նկատմամբ միջամտություն կատարելը պետք է լինի բացարձակապես անհրաժեշտ: Տվյալ պարագայում մենք փաստարկում ենք, որ ոստիկանների կողմից կիրառված ոչ համաչափ ուժը՝ զենքի միջոցով նրան կյանքից զրկելը չի եղել բացարձակապես անհրաժեշտ, որի արդյունքում խախտվել է Արման Ենգիբարյանի՝ Եվրոպական կոնվենցիայով և ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված կյանքի իրավունքը»,-ասել էր Մարուքյանը:
Ըստ Մարուքյանի՝ նաև Արման Ենգիբարյանի սպանության հանգամանքները պարզելու վերաբերյալ պատշաճ, արդյունավետ, բազմակողմանի քննություն չի տարվել: