ԵՄ-ին չեն բավականացնում զինամթերք արտադրելու ռեսուրսները. Բորել
ԵՄ-ն խիստ կարևոր ռեսուրսների պակաս ունի, որպեսզի Ուկրաինայի համար բավարար քանակությամբ զինամթերք արտադրի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից, այս մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Եվրահանձնաժողովն այսօր ներկայացրել է Եվրամիության տնտեսական անվտանգության ապահովման ռազմավարությունը, որը նաև նախատեսում է խիստ կարևոր ռեսուրսների մատակարարման շղթաների պաշտպանության միջոցների մշակում։
«Այսօր ես, լինելով անվտանգության և պաշտպանության հարցերով ԵՄ-ի ներկայացուցիչ, գիտակցում եմ, որ Ուկրաինային անհրաժեշտ զինամթերքի քանակությունն արտադրելու համար մենք խիստ կարևոր նյութերի կարիք ունենք», - հայտարարել է նա մամուլի ասուլիսում, որտեղ ներկայացվել է տնտեսական անվտանգության եվրոպական ռազմավարությունը։