Հիմալայներում սառցադաշտերի հալումն սպառնալիք է ներկայացնում մարդկության մեկ քառորդի համար
Հիմալայների Հինդուկուշ լեռնային համակարգում հալվող սառցադաշտերը վտանգ են ներկայացնում մերձակա ասիական երկրների մոտ 2 միլիարդ մարդու բնակության շրջանների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին այսօր հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Նեպալում գտնվող Լեռների համալիր զարգացման միջազգային կենտրոնի հետազոտության տվյալները։
Սառցադաշտերի հալումը կարող է հանգեցնել հավերժական սառածության գոտու կրճատման, որը կմեծացնի սողանքների և հեղեղումների վտանգը: Կլիմայի փոփոխությունները կարող են նաև հանգեցնել ապագայում տարածաշրջանի 12 գետերում քաղցրահամ ջրի պաշարների կրճատման, ինչպես նաև Աֆղանստանի և Մյանմայի միջև ընկած Հիմալայան գոտու կենսաբազմազանության կրճատման: Բացի այդ, տարերային աղետները բացասաբար կանդրադառնան պարենային անվտանգության և հիդրոէլեկտրակայանների միջոցով էներգիայի ստացման հնարավորության վրա։
«Դեռևս կա ժամանակ՝ փրկելու այս չափազանց կարևոր տարածաշրջանը, բայց միայն այն դեպքում, եթե հիմա սկսվի (մթնոլորտ) արտանետումների արագ և խորը կրճատումը: Ձյան, սառցադաշտերի և հավերժական սառածության հալումը կնշանակի, որ տարերային աղետներն, ըստ կանխատեսումների, տեղի կունենան ավելի հաճախ, կլինեն ավելի մահաբեր և կհասցնեն ավելի շատ վնաս», - նշել է կենտրոնի ղեկավարի տեղակալ Իզաբելլա Կոզիելը։
Հետազոտության հեղինակները պարզել են, որ 2011-ից մինչև 2020 թվականներն ընկած ժամանակամիջոցում Հիմալայներում սառցադաշտերը նախորդ տասնամյակի համեմատությամբ հալվել են 65%-ով ավելի ակտիվորեն: Գիտնականներն այդ գործընթացը կապում են մարդածին աղբյուրներից մթնոլորտ վնասակար արտանետումների հետ: Ըստ նրանց գնահատումների՝ ընթացիկ միտումների պահպանման դեպքում Հիմալայների սառցադաշտերն այս հարյուրամյակի վերջին կարող են կորցնել իրենց ծավալի մինչև 80%-ը: