Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի՝ օգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը համարում է, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի՝ օգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո։
«Ցավոք, այն բանում, ինչ հիմա անում է Միացյալ Նահանգները, և ինչ անում է Եվրամիությունը, մենք ավելի շատ տեսնում ենք ոչ թե բանակցություններին օգնելու ցանկություն, այլ տարածաշրջան ներթափանցելու ցանկություն, ցանկություն՝ ճնշում գործադրելու Ռուսաստանի Դաշնության օրինական շահերի վրա և ցանկություն՝ հաստատվելու որպես որոշակի ուժեր, որոնք այստեղ, ըստ էության, որոշիչ դեր կխաղան», - Լավրովի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:
ՌԴ արտգործնախարարի կարծիքով՝ Արևմուտքի նման գործողություններն արտացոլում են նրա ցանկությունը «ընդլայնվել դեպի տարածաշրջաններ, որոնք հեռու են ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրների սահմաններից, և դա քիչ կապ ունի իրավիճակի կայունացմանն օգնելու անկեղծ ցանկության հետ»:
«Թե՛ Երևանում, թե՛ Բաքվում մեր գործընկերները, հուսով եմ, հասկանում են դա: Համենայնդեպս, մենք նրանց հետ բացեիբաց քննարկում ենք, թե ինչ է կատարվում», - ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը դեմ չէ, որ միջազգային խաղացողները փորձեն միջնորդի դեր կատարել Երևանի և Բաքվի միջև:
«Մենք դեմ չենք, որ այլ միջազգային խաղացողներ փորձեն իրենց ուժերը միջնորդության հարցում: - նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, - Գլխավորն այն է, որ այս միջնորդությունը հետապնդի այնպիսի համաձայնագրերի ապահովում, որոնք կարտացոլեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների, հայկական և ադրբեջանական պետությունների շահերի հավասարակշռությունը»։