Եվրամիությունը դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունը պաղեստինյան Ջենին քաղաքում
ԵՄ-ն լրջորեն անհանգստացած է պաղեստինյան Ջենին քաղաքում տեղի ունեցող վերջին իրադարձություններից, որտեղ իսրայելական ռազմական գործողությունը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:
«Ռազմական գործողությունները պետք է լինեն համաչափ և համապատասխանեն միջազգային մարդասիրական իրավունքին: Հաշվի առնելով իր վաղեմի խիստ ընդդիմությունը Իսրայելի բնակեցման քաղաքականությանը՝ Եվրոպական Միությունն անհանգստացած է օկուպացված Արևմտյան ափին հունիսի վերջին ավելի քան 4000 բնակարանային միավոր կառուցելու նախագիծն արագացնելու՝ Իսրայելի հայտարարած պլանների առնչությամբ», - գրված է հայտարարությունում:
Փաստաթղթով կոչ է արվում դադարեցնել այդ գործընթացը:
Եվրամիությունը նաև մտահոգություն է հայտնել հունիսի 18-ին Իսրայելի կառավարության կողմից բնակավայրերի պլանավորման և կառավարման գործընթացում փոփոխություններ մտցնելու առնչությամբ, որոնք կարագացնեն այդ գործընթացը:
Իսրայելի պաշտպանության բանակը հունիսի 19-ին ստուգարշավ էր իրականացրել Ջենին քաղաքում՝ ձերբակալություններ կատարելու նպատակով, սակայն ԻՊԲ-ի և տեղի բնակիչների միջև բախումներ էին սկսվել: Իսրայելը գործի է դրել նաև գրոհային ուղղաթիռ և ԱԹՍ-ներ:
Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների՝ 5 պաղեստինցի զոհվել է, այդ թվում՝ 15-ամյա մի տղա: Ավելի քան 90 պաղեստինցի վիրավորվել է:
Վիրավորել են նաև 7 ԻՊԲ-ի զինվորներ և Իսրայելի սահմանապահ ոստիկանության սպաներ: