G7-ի ԱԳ նախարարները Մեծ Բրիտանիայում կանցկացնեն տարվա ընթացքում երրորդ հանդիպումը
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին հունիսի 21-ին Մեծ Բրիտանիա իր այցի շրջանակներում կանցկացնի «Մեծ յոթնյակի» (G7) ԱԳՆ ղեկավարների հանդիպում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտնել է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Հունիսի 21-ին արտաքին գործերի նախարար Հայասին կմասնակցի Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին, որը համատեղ կազմակեպում են Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի կառավարությունները: Նախարարը նաև կօգտվի Մեծ Բրիտանիա կատարած իր այցի հնարավորությունից՝ Ճապոնիայի նախագահությամբ G7-ի ԱԳ նախարարների` այս տարվա երրորդ հանդիպումն անցկացնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ։
Հայասին Մեծ Բրիտանիա կժամանի՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին, որը տեղի կունենա հունիսի 21-22-ը Լոնդոնում։ Ըստ NHK հեռուստաալիքի՝ միջոցառմանը կարող են մասնակցել մի քանի ճապոնական կառավարական կազմակերպություններ, ներառյալ՝ Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալությունը, ինչպես նաև շինարարության և բժշկության ոլորտում ներգրավված մոտ 20 ընկերություններ։ Նրանք քննարկում են փլվածքների հեռացմանը, ականազերծմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը մասնակցելու հնարավորությունը, ինչպես նաև հեռաբժշկության ծառայությունների տրամադրման հարցը՝ բժիշկների պակասի խնդիրը լուծելու համար:
Ճապոնիան այս տարի նախագահում է «Մեծ յոթնյակում» և մայիսի 19-ից մինչև 21-ն անցկացրել է խմբի գագաթնաժողովը Հիրոսիմայում։ ԱԳ նախարարների նիստը տեղի է ունեցել ապրիլի 16-18-ը Ճապոնիայի Կարուիձավա քաղաքում, G7-ի արտգործնախարարների ևս մեկ հանդիպում կայացել է փետրվարին՝ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի ժամանակ: