Բրատսկում շաուրմայից թունավորվածների թիվը հասել է 101-ի
ՌԴ Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում շաուրմայից թունավորվածների թիվը հասել է 101-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը:
«Ընդհանուր առմամբ, սրճարան այցելելուց հետո բժիշկներին է դիմել 101 մարդ, որոնցից 22-ը երեխաներ են: Հոսպիտալացում պահանջվել է 51 տուժածի համար, բոլորն էլ լիարժեք օգնություն են ստացել», - գրել է նա։
Նահանգապետը հավելել է, որ թունավորման ծանր դեպքեր չեն եղել, իսկ յոթ տուժած արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
Կոբզևի խոսքով՝ տարածաշրջանային «Ռոսպոտրեբնադզոր»-ի մասնագետները համաճարակաբանական հետազոտություն են անցկացրել։ Նրանք հայտնել են, որ սրճարանում խախտվել են ճաշատեսակների պատրաստման և մթերքների պահպանման պայմանները, այնտեղ պայմաններ չեն եղել աշխատողների անձնական հիգիենայի պահպանման համար։
Անցած շաբաթվա սկզբին Բրատսկում մարդկանց զանգվածային թունավորումներ են գրանցվել «Շաուրմա եմ ուզում» («Шаурму хочу») սրճարան այցելելուց հետո, այժմ հաստատությունը փակվել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կողմից։ Հարուցվել է քրեական գործ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների արտադրություն, պահպանում, իրացում» հոդվածով, սրճարանի տիրոջը ենթարկել են տնային կալանքի։
Ինչպես «РИА Новости»-ին հաղորդել են ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային քննչական վարչությունում, շաուրմայով զանգվածային թունավորումը տեղի է ունեցել նույն սրճարանում, ինչ չորս տարի առաջ, պարզապես հաստատությունն այժմ գրանցված է ուրիշ անձի վրա: